Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորականի դպրոցում հակամարտությունը կլուծվի՞


Անցած ուսումնական տարում  Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ էր։ Զորականի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը այդ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանին հայտնել էր  հանրակրթական դպրոցների տնօրենների  թափուր տեղերի համար մրցույթներին  մասակցելու  իրավունք վերապահող հավաստագիր ստանալու  իր մտադրության մասին։ Դրանից հետո Սիլվա Խոջայանի եւ Արեւիկ Բաղիրյանի հարաբերություները լարվել են։ Սիլվա Խոջայանը  երկու նկատողություն  է հայտարարել, ապա աշխատանքին ազատել   Արեւիկ Բաղիրյանին։ Վերջինս տնօրենի  այդ որոշումները բողոքարկել է Տավուշի մարզպետարան։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2020թ  փետրվարի 20-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Զորականի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Խոջայանի` 2020թ հունվարի 31-ի թիվ 538, 2020թ հունվարի 14-ի թիվ 529 եւ  2019 դեկտեմբերի 19-ի թիվ  527 հրամանները: Նույն որոշմամբ մարզպետը հանձնարարել է  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին  այդ որոշման պատճենները տրամադրել Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենին եւ Արեւիկ Բաղիրյանին: Սիլվա Խոջայանի դիմումի  հիման վրա,  մարզպետ Հայկ Չոբանյանի որոշումով 2020 փետրվարի 7-ից Սիլվա Խոջայանն ազատվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից: Մարզպետ Հ.Չոբանյանի փետրվարի 7-ի մեկ այլ որոշմամբ Հայկ Ազարյանը նշանակվել է Զ որականի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը եւ աշխատանքային պայմանագիր կնքելը: Սիլվա Խոջայանը  ազատվելով դպրոցի տնօրենի պաշտոնից՝  որպես մաթեմատիկայի  ուսուցչուհի աշխատում է  Զորականի դպրոցում։  Նա հայտարարել էր, որ զորականցիների ցանկությամբ ու պահանջով  մասնակցելու է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար կայանալիք   մրցույթին: Այդ մրցույթը  հայտարարված էր 2020թ ապրիլի 14-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չկայացավ։ Մրցույթը կայացավ  2020թ հունիսի 23-ին։ Չնայած Սիլվա Խոջայանը  հայտարարել էր մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն  նա  չմասնակցեց։ Դպրոցի տնօրենի թեկնածուները երկուսն էին՝ Զորականի դպրոցի հայոց լեզվի  եւ գրականության  ուսուցչուհիներ Արեւիկ Բաղիրյանը եւ  Ռուզաննա Ազարյանը։ Զորականի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մարինե Պողոսյանը հայտնեց, որ այդ մրցույթը կայացել է արդար եւ թափանցիկ, դրա վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Մ Պողոսյանն ասաց, որ մրցույթին ներկա են եղել դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 7-ը, կայացած  քվեարկության արդյունքում Ռուզաննա Ազարյանը ստացել  է 7 քվե, Արեւիկ Բաղիրյանը ոչ մի  ձայն  չի ստացել։

Հրապարակվել է։ 08:54 25/06/2020