Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորականի դպրոցում կոնֆլիկտային իրավիճակը շարունակվում է

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցում շարունակում է լարված վիճակ տիրել։ Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ դպրոցի հայոց լեզվի  եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը մասնակցել է դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին մասնակցելու իրավունք տվող հավաստագիր ստանալու համար դասընթացին եւ քննություններին, ստացել   հավաստագիր։  40 տարվա մանկավարժ, Զորականի դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանն  այդ լուրն ուրախությամբ չի ընդունել։ Ս Խոջայանը 62 տարեկան է, վերջինիս խոսքերով՝ իր հավաստագրի ժամկետը լրանալուն դեռ երկու տարի կա։ Տնօրենի նախընտրած թեկնածուն՝ Զորականի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Ռուզաննա  Ազարյանը հավաստագիր ստանալու համար  քննությունից կտրվել է, փետրվարի 20-ին նորից է քննություն հանձնելու։13 տարվա ուսուցիչ  Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ Զորականի դպրոցում իր աշխատանքի համար  անտանելի իրավիճակ են ստեղծել։ Նրա խոսքերով՝ հունվարի 29-ին ինքը  12-րդ դասարանում հայ գրականության դասաժամ ուներ, սակայն ժամը 930-ի սահմաններում դասարանի դուռը դեռ փակ էր։ Արեւիկը հայտնեց, որ տնօրեն Սիլվա  Խոջայանն  իրեն ասում է, որ ինքը չի կազմակերպում Ա Բաղիրյանի դեմ աշակերտների գործողությունները, սակայն  գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ։ Արեւիկ Բաղիրյանը 9-րդ դասարանի դասղեկն էր։ Տնօրեն Խոջայանը Արեւիկից վերցրել է այդ դասարանի դասղեկությունը եւ հունվարի 8-ից ինքն է հանդիսանում 9-րդ  դասարանի դասղեկը։ Հունվարի 20-ին տնօրեն Խոջայանը Արեւիկ Բաղիրյանին ծանուցում է հանձնել, ուր նշված է  «Հարգելի Արեւիկ Բաղիրյան,2019-2020ուսումնական տարվա սկզբից ժամանակ առ ժամանակ ես՝ Սիլվա Խոջայանս  ուսուցիչներից, ծնողներից, աշակերտներից ստանում եմ դիմում-բողոքներ որոնցում նշվում է, որ դասարանում աշակերտների հետ չեք կարողանում ստեղծել  ուսուցիչ-աշակերտ բավարար հարաբերություններ, որի արդյունքում երեխաներին վիրավորում եք, դասը թողնում եւ հեռանում։ Բազմիցս ուսմասվարը՝ Սուսան Սարգսյանը դիմել է Ձեզ, որ  տաք գրավոր բացատրություն  այդ ամենի շուրջ, սակայն Դուք անպատվել եք նրան եւ մերժել։ Այս ամենի հիմքով ուսումասվարը ներկայացրել է զեկուցում

1 Աշակետների հետ լարված իրավիճակ ստեղծելու։ 2 Դասերը թողնելու եւ հեռանալու։ 3Ուսուցիչների հետ կոնֆլիկտ ստեղծելու։ 4 Ուսմասվարին բացատրություն չտալու մասին»։ Այդ ծանուցագրում  տնօրենը հայտնել է նաեւ, որ խնդիրը շարունակվում է, Ա Բաղիրյանը 2 գրավոր նկատողություն ունի եւ վերջինիս առաջարկել է 3-օրյա ժամկետում  բացատրություն տալ ,թե ինչն է պատճառը, որն է նպատակը եւ նա ինչ առաջարկություններ ունի խնդրի շուրջ։  Արեւիկ Բաղիրյանը  կարծում է, որ իր  դեմ արշավը կազմակերպված բնույթ  է կրում եւ բացատրություններ չի տվել տնօրենին։ Հունվարի 18-ին խնդրին ծանոթանալու համար Զորականի դպրոց է այցելել Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Արեւիկ Բաղիրյանը  դպրոցում առկա կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ գրավոր դիմել է Տավուշի մարզպետարան։

Հրապարակվել է։ 08:48 31/01/2020