Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրազդանցին ավտոմեքենայով Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, 31-ամյա ուղեւորուհին մահացել է

Փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։10--ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում նաև օգնություն են ցուցաբերել վարորդին։ Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Ոսկանյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ արդեն որերորդ ավտովթարն է նշված վտանգավոր ոլորանահատվածում տեղի ունենում, ցավոք, նաև՝ ողբերգական. «Ամեն անգամ նման դեպքերից հետո պատասխանատու մարմինները ժամանում են, նայում են ու խոստանում, որ թերությունը կվերացվի, բայց այդ ամենը հերթական այցելությունն է լինում։ Գոնե այս հերթական ողբերգական վթարից հետո տեղներից իրար գան ու էս խնդիրը վերջնականապես լուծեն, հակառակ դեպքում ամեն մի մահ, ամեն մի վթար մնալու է դրանց խղճին»։ 



Հրապարակվել է։ 06:40 27/02/2020