ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը աշխատանքային խումբ է ստեղծել, սակայն կովին բախվելուց ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 18-ին, ժամը 20։36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ս. ծնված 1998 թ.), հարվածել է ընտանի կենդանուն (կով), ինչից հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածըՓրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

«Տեսանկյուն»-  Տավուշի մարզում, Հայաստան- Վրաստան միջպետական ավտոճանապարհին հաճախ կարելի է տեսնել ընտանի կենդանիների: Բնակավայրերի տարածքով ձգվող ճանապարհին վարորդները հանդիպում են առավոտյան արոտավայր տարվող կամ իրիկունը այնտեղից բերվող կովերի նախիրների, ոչխարի հոտերի: Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին թափառող նախիրներ եւ ձիերի երամակներ կան: Տավուշցի վարորդներն ասում են, որ  գիշերները իրենք երբեմն չեն նկատում ճանապարհինն գտնվող ձիերին: Տավուշում, միջպետական ճանապարհին  անասունների հետ բախման հետեւանքով շատ ավտոմեքենաների տերեր են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից: Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից է հռչակված, քանզի մարզը գեղեցիկ բնություն ունի եւ պատմաճարտարապետական նշանավոր կոթողներ: Տավուշի մարզ այցելող կամ մարզի տարածքով Վրաստան մեկնող արտասահմանցիները, տեսնելով ճանապարհի մեջտեղում նստած կովերը, կարող են կարծել, որ Հնդկաստանում են, ուր կովերը սրբազան կենդանի են համարվում: Կովերը հայտնվում են  նաեւ մարզի քաղաքների՝ Նոյեմբերյանի, Իջեւանի , Դիլիջանի փողոցներում։ 

Իջեւան քաղաքի կենտրոնում, Քանդակների այգում, ծառուղիներում երբեմն կարելի է տեսնել թափառող կովերի արտաթորանք։ Կովերը երբեմն հասնում են Տավուշի մարզպետարանի շենքի մոտ։ Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում:  Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանը  որոշել է  պայքարել այդ երեւույթի դեմ։  Մարզպետը օգոստոսի 21-ին որոշում է ընդունել մարզի տարածքով հանրապետական եւ միջպետական ավտոճանապարհներին մշտադիտարկման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խումբ  ստեղծելու  մասին, որի ղեկավար է  նշանակել Տավուշի մարզպետարանի  տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Աղաբեկ Գալստանը, անդամներ՝ մարզպետարանի պաշտոնյաներ։ Աշխատանքային խումբը մշտադիտարկում կիրականացնի մարզի ավտոճանապարհներին, արգելված տեղերում  անասուններ պահելու վերաբերյալ տեղեկատվությունը  կներկայացնի համայնքների ղեկավարներին , որպեսզի նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմեն եւ այսուհետ կանխեն նման դեպքերը։ Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է համայնքներում կազմել  համապատասխան աշխատանքային խմբեր։

Տավուշի մարզպետի ստեղծած աշխատանքային խմբերի գործունեությունը ձեւական բնույթ են  կրում, դրանով մարզպետ Չոբանյանը  տարբեր խնդիրները լուծելու համար աշխատանքային բուռն գործունեության իմիտացիա է ստեղծում։ Օգոստոսի 21-ին  մարզպետը որոշում է ընդունել մարզի տարածքով հանրապետական եւ միջպետական ավտոճանապարհներին մշտադիտարկման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խումբ  ստեղծելու  մասին,սակայն կովերը շարունակում են հայտնվել միջպետական ավտոճանապարհին,որի հետեւանքով է տեղի ունեցել վերոհիշյալ դեպքը, ավտոմեքենան այրվել է։

 

Հրապարակվել է։ 10:10 19/09/2020