Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պետությունն ի՞նչ աջակցություն կցուցաբերի սահմանամերձ Բերդավանում կարկտահարությունից տուժածներին


Հունիսի 17-ին,ժամը  1655-ից սկսած    Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Բերդավան գյուղում  մոտ  կես ժամ   տեղացած կարկուտը եւ տեղատարափ անձրեւը  մեծ  վնասներ են պատճառել  գյուղի ցանքատարածություններին։  Կարկտահարության  պատճառած վնասների մասին  տեղեկատվություն ստանալու համար նույն  օրը  Իջեւանից Բերդավան է ժամանել Տավուշի մարզպետի օգնական  Մերուժան Հարությունյանը։  Հունիսի 18-ին  նույն նպատակով Բերդավան է  այցելել  Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը։ Բերդավանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում։  Կ Աբազյանը հայտնեց, որ ստեղծվել է Բերդավանում կարկտահարության վնասների չափերն ուսումնասիրող համայնքային հանձնաժողով, որի ղեկավարն է  Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ  Գիշյանը։ Հունիսի 18-ին Բերդավան  է այցելել, դաշտերում, այգիներում շրջել,  կարկտահարության վնասներն ուսումնասիրել Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ  Վաղարշակ  Սուքոյանը։ Նա հայտնեց, որ վնասների չափերը մեծ են, կառավարությունից համապատասխան մասնագետներ են հրավիրելու   կարկտահարության վնասների չափերի մասին  ճշգրիտ  հաշվարկներ կատարելու համար։ Նրան հարցրինք՝ սպասվո՞ւմ է , որ կառավարությունը նյութական կամ ֆինանսական փոխհատուցում կամ օգնություն  կտա կարկտահարությունից  տուժած  սահմանամեձ Բերդավանի բնակիչներին։ Նա ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն նախադեպ կա, անցյալ տարի պետական բյուջեից 20 միլիոն դրամի չափով օգնություն տրվեց կարկտահարությունից տուժած Տավուշի մարզի բնակիկչներին։ Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները հատկապես մեծ են  գյուղի «Ձորի բաղ»   եւ «Քարի հետեւ»    տեղամասերում, վնասվել են  դաշտերում ու   բերդավանցիների տնամերձ հողամասերում ցանքերն ու այգիները։ Նա  ասաց, որ   բերդավանցի երկու ընկերներ  գյուղատնտեսական  վարկ են վերցրել, 3,5 միլիոն դրամ ծախսելով՝   պոմիդորի, ձմերուկի եւ այլ  մշակաբույսերի  մեծ ցանքեր կատարել, նրանք իրենց ընտանիքներով 4 ամիս դաշտերում  տքնաջան աշխատել են։ Սակայն կարկուտը  ոչնրացրել է նրանց աճեցրած բերքը, վարկերի բեռի տակ գտնվող այդ ընտանիքներն անելանելի վիճակում են։ Տավուշի մարզում հակակարկտային 10 կայան կա, որոնք գլխավորապես  տեղակայված են  Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բնակավայրերի տարածքում։

Հրապարակվել է։ 12:57 24/06/2019