Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

14-ամյա աղջկան փախցրել են, նա կտրել է իր երակը, անչափահասը 2 ամսվա հղի է


Սպիտակ  քաղաքի բնակիչ  երիտասարդը այս տարվա հուլիսին  Սպիտակի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ  14-ամյա աղջկան  ամուսնության նպատակով փախցրել է։  Աղջիկը տղայի հետ տնից փախել է իր ցանկությամբ։ Սակայն  հաջորդ օրը աղջկա հարազատները աղջկան ետ են բերել ։ Դրանից  դժգոհ աղջիկը  կտրել  է իր ձեռքի երակը, նրան շտապ օգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել։ Անչափահասը  սեպտեմբերին միջնակարգ դպրոցի  10-րդ դասարան պետք է հաճախեր, սակայն  դպրոց չի հաճախում։ Տեղեկություններ կան, որ  14-ամյա  աղջիկն այժմ 2 ամսվա հղիություն ունի։  Զանգահարեցինք այն համայնքի ղեկավարին, որի բնակիչն է անչափահասը։ Համայնքապետն ասաց,որ աղջկա ծնողներն ամուսնալուծված են, մայրը Սպիտակ քաղաքում  է բնակվում, հայրը՝ Ռուսաստանում, աղջիկը գրանցված է  իրենց համայնքում։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ  այս տարվա օգոստոսին աղջիկը դիմում է գրել իրենց գյուղի դպրոցի տնօրենին , որ  Ռուսաստան՝ իր  հոր մոտ մեկնելու կապակցությամբ  թողնում է  միջնակարգ դպրոցում ուսումը։ Համայնքի ղեկավարն ասաց,որ աղջկա մասին այլ տեղեկություններ չգիտի։

Մեր տեղեկություններով՝ աղջկան  փախցրած երիտասարդը մոտ  24 տարեկան է։  Նրա գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրեն սգրքի 141 հոդվածի հատկանիշները, այն է՝ քսանմեկ տարին լրացած անձի կողմից  սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ։ Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում։

Հայաստանում հեղափոխություն է եղել, այլեւս չպետք է հանցագործություններ թաքցվեն, մանավանդ՝ անչափահասի հանդեպ կատարված ապօրինությունը։

 

Մեզ հայտնի է աղջկա անուն-ազգանունը, սակայն անչափահաս տուժածի անունը չենք հրապարակի; Չենք հրապարակի նաեւ նրա գյուղի անունը,ոստիկանությունը վաղուց պետք  է այդ  դեպքով քրեական  գործ հարուցեր, որը չի արել։ Այդ  մեծ գյուղում «ուչաստակավոյ»  չկա՞։ 

Հրապարակվել է։ 13:21 08/10/2019