Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

1in.am . «Բագրատաշենի մաքսակետի պետը՝ բիզնեսմեն»

1in.am-ը  գրել է ․ «Օրերս գործարար Արթուր Խառատյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին ոչ միայն ապօրինաբար չի մաքսազերծել իր ապրանքը, խլել է բեռնատարի բանալին, այլև ֆիզիկական բռնության է ենթարկել։ Վանունին ոչ միայն չենթարկվեց պատասխանատվության, այլև ՊԵԿ-ից հայտարարեցին, որ «մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան»։

Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ վերջիսն համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը և, լինելով ՊԵԿ աշխատակից, ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ հանդիսանում է «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրը։ Նա իր ՍՊԸ-ով ապրանքներ՝ թունավոր նյութերից պաշտպանող միջոցներից սկսած մինչև հանդերձանք, կոշկեղեն ու շինարարական ապրանքներ է մատակարարում ՊԵԿ-ին, ԲԷՑ-ին, մետրոպոլիտենին, ՊՆ-ին, Ատոմակայանին և այլ կառույցների։ Չի բացառվում, որ բռնության ենթարկված ներմուծողն ակամա դարձել է ՊԵԿ պաշտոնյային մրցակից՝ հաշվի առնելով վերջինիս ընկերության կողմից մատակարարված ապրանքների բազմազանությունը։ Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչո՞վ է զբաղված ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը, որի հիմնական գործառույթը կաշառակեր և կոռումպացված աշխատակիցներին հայտնաբերելն է։ Ամեն դեպքում, հուլիսի 25-ին Բարգրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։ ՊԵԿ-ից նաև հայտնել էին, որ բոլոր այն անձինք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորություններն ու պարտականությունները, միանշանակ, կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։

ՊԵԿ պաշտոնյայի՝ միաժամանակ բիզնեսով զբաղվելը օրենքի կոպտագույն խախտում է և պաշտոնական լիազորությունների գերազանցում։ Սպասենք արդյունքների։

Հրապարակվել է։ 09:41 09/08/2019