Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անտառահատման դեմ Տավուշի ոստիկանների պայքարը․ տնկվել է 1000 ծառ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրավապահները անզիջում և խիստ պայքար են մղում ապօրինի ծառահատումների դեմ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ամեն օր իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջացառումներ` անտառահատումների դեպքեր բացահայտելու ուղղությամբ։ Այն մարզերում, որտեղ շատ են անտառածածկ հատվածներն ու ապօրինի ծառահատումների ռիսկը, իրականացվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։

Այս անգամ կներկայացնենք հանցատեսակի դեմ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը։
Տավուշի մարզ։ Հայաստանի ամենագեղեցիկ բնությունն ունեցող մարզերից մեկը, որ զբոսաշրջիկների ու հովեկների ամենասիրելի և նախընտրելի վայրերից մեկն է։ Այս մարզում՝ բնության գրկում ու սրտում են Հաղարծինն ու Գոշավանքը, Պարզ լիճն ու Գոշի լիճը, մեր երկրի ամենագեղեցիկ քաղաքներից՝ Դիլիջանը, Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը։ Տեսարժան բոլոր այս վայրերին յուրօրինակ շուք են տալիս սաղարթախիտ անտառները։
Ցավոք, այս ամենի հետ մեկտեղ կան նաև նման տեսարաններ։
Կարիք չկա ևս մեկ անգամ խոսել ծառահատումների վտանգավոր հետևանքների մասին։ Մտահոգիչն այն է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք չգիտակցելով ծանր հետևանքները՝ շարունակում են ապօրինի հատել ծառեր։ Այս դեպքում արդեն գործի են անցնում ոստիկանները։
Արդեն տևական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի անտառածածկ հատվածներում տեղադրված են ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներով համալրված պահակետեր։ Ամեն օր՝ 24 ժամ, ստուգվում են կասկածելի մեքենաները, հայտնաբերվում են ապօրինի հատված փայտանյութ, հարուցվում են քրեական գործեր։
Տավուշի մարզում միայն այս տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին հայտնաբերվել է 1091 խմ ապօրինի փայտանյութ, որով պետությանը պատճառվել է շուրջ 265000000 դրամի նյութական վնաս։ Եվ սա միայն 4 ամսում։
Ոստիկանության Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները գրեթե ամեն օր բացահայտում են ապօրինի ծառահատումների դեպքեր։
Կադրում երևացող քաղաքացիական հագուստով ծառեր տնկողները ոստիկաններ են։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա տարածքային բոլոր բաժինների շուրջ 120 ծառայողներ Թեղուտ գյուղի հարակից տարածքում տնկեցին 1000 ծառ։
Ոստիկանության նախաձեռնությամբ ու բնապահպանության նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառման շնորհիվ Դիլիջան ազգային պարկի այս հատվածը տարիներ անց կունենա իր երբեմնի սաղարթախիտ տեսքը։
Ապօրինի ծառահատումների դեպքեր հայտնաբերելուց զատ՝ այս քայլով ոստիկանները փորձեցին ինչ-որ չափով վերականգնել անտառին հասցված վնասը։
Տավուշի ոստիկանները շարունակելու են անզիջում պայքար մղել ապօրինի ծառահատումների դեմ։ Մեզ մնում է ևս մեկ անգամ կոչ անել՝ պահպանել բնությունն ու չհատել ծառերը։ Ոստիկանությունը հետևողական է։


Հրապարակվել է։ 08:37 16/11/2019