Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Առաջատար մասնագետը մեղադրվում է

Նոյեմբերի  22-ից   Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Իջեւան քաղաքի բնակիչ  Տիգրան Պողոսյանի դատավարությունը։   Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական  համակարգի՝ նրան մեղադրանք  է առաջադրվել  այն բանի համար, որ նա  2004թվականի փետրվարի 23-ից  աշխատելով  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետ, չունենալով  իրեն ենթակա աշխատողներ, գործակալության աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման եւ վերահսկման լիազորություններ ու ծառայողական  ենթակայության  տակ  չգտնվող  անձանց  նկատմամբ  կարգադրիչ լիազորություններ սակայն օժտված լինելով  տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու համար իրեն դիմած անձանց սոցիալական եւ նյութական  պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն ստացողների  կարիքները գնահատելու,ընտանեկան  նպաստի նշանակման  համար քաղաքացիների կողմից  ներկայացված  դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու  լիազորություններով, այսինքն՝ իրականացնելով պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի գործառնույթներ,  քաղաքացիներից  պահանջել  եւ ստացել է  խոշոր չափերով ապօրինի վարձատրություն։    Տ Պողոսյանին  2 դրվագով  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  311 պրիմ 1 հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով(«Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից  խոշոր չափերով ապօրինի վարձատրություն  ստանալը՝ վարձատրություն տվողի  կամ նրա ներկայացրած անձի օգտին ապօրինի գործողության կամ անգործության  համար») ։ Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-7 տարի ժամկետով ազատազրկում։ Տ Պողոսյանը մեղադրվում է  նաեւ  ՀՀ  քրեական օրենսգրքի  311  պրիմ  1 հոդվածի 1-ին մասով , նույն հոդվածի   2-րդ մասով եւ 325 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Տ Պողոսյանի  շահերը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում  պաշտպանում է     փաստաբան Վրեժ Ներկարարյանը։

Հրապարակվել է։ 06:55 28/11/2019