+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արյունակից հարազատների վեճը հասել է նախարարություն

Մայիսի 13-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է  ընդունել  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականի համաձայն Աչաջուր համայնքի բնակիչ Ռուբեն Աթաբեկյանի դիմումով  բարձրացված հարցերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Այդ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար  Տիգրան Մուշեղյանը, հանձնաժողովի անդամներ են նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը եւ  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի  տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանը։ Մարզպետն աշխատանքային խմբին հանձնարարել է 2 օրվա  ընթացքում ուսումնասիրություն կատարել Ռուբեն  Աթաբեկյանի դիմումով բարձրացված հարցերի վերաբերյալ եւ ներկայացնել տեղեկատվություն։  Խնդրի վերաբերյալ  զրույց ունեցանք Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի հետ։ Նա հայտնեց, որ 62-ամյա  Ռուբեն Աթաբեկյանը երկար ժամանակ բնակվել է Ռուսաստանում, մոտ երկու տարի առաջ  վերադարձել է  հայրենի գյուղ։ Դեռեւս խորհրդային տարիներին, 1980-ական թվականներին Ռուբեն Աթաբեկյանը իր տնամերձ հողամասից 1338 քառակուսի մետր տրամադրել  է  իր տան մոտ ձգվող, թաղամաս տանող ճանապարհ կառուցելու համար։   Համայնքի ղեկավարն ասաց, որ ներկայումս այդ ճանապարհն օգտագործվում  է որպես համայնքային ճանապարհ եւ որպես այդպիսին նշված  է  համայնքի քարտեզում։ Ռ Աթաբեկյանը ցանկանում է  մեծ  դարպաս դնել այդ ճանապարհին, որպեսզի այն լինի  իր սեփականությունը, ինչին  դեմ  են այդ ճանապարհից օգտվող թաղամասի բնակիչները։  Ռ Աթաբեկյանի դիմումում բարձրացված  երկրորդ խնդիրը առաջացել է  իր հարեւանի՝ նրա հարազատ հորեղբոր ընտանիքի հետ կապված անհաշտ հարաբերություններից։ Ռ Աթաբեկյանի  տունը սնուցող  խմելու ջրագիծը, ինչպես նաեւ 4 այլ ընտանիքների ջրագիծը ձգվում է Ռ Աթաբեկյանի հորեղբոր սեփական տարածքով։ Նրա հորեղբայրը  Ռ Աթաբեկյանի  ընտանիքի  հետ լարված  հարաբերություններ ունի, անջատել է ջրագիծը,  այդ պատճառով  առաջացած վեճի հետեւանքով  ոստիկաններ են ժամանել  Աչաջուր, սակայն խնդրին լուծում չի տրվել։ Խնդրի լուծում կարող է լինել  այն, որ ջրագիծը դուրս բերվի Ռ Աթաբեկյանի հորեղբորը պատկանող հողամասից։

Հրապարակվել է։ 07:15 22/05/2020