CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այգեհովտում կացնով իր մորը սպանածը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ


Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 11-ի սահմաններում Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում 61-ամյա Սարգիս Սիմոնյանը կացնի մի քանի հարվածով սպանել է իր մորը՝ 89-ամյա Օսան Սիմոնյանին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները դեռեւս ողջ ծեր կնոջը տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, ուր նա մահացել է: Ոստիկանության Իջեւանի բաժնից տեղեկացանք, որ Սարգիս Սիմոնյանը բնակվում է Իջեւան քաղաքում, նա  այցելել է Այգեհովտում բնակվող իր մորը: Ս. Սիմոնյանը հաշվառված է  որպես հոգեկան հիվանդ: Նա ամուսնալուծված է: Նա իր մոր հետ վիճել է կենցաղային հարցի վերաբերյալ, որին հաջորդել են կացնով հարվածները: Սարգիսը  սպանությունից հետո չի գիտակցել իր արարքի հետեւանքները, ասելով՝ լավ եմ արել: Ս. Սիմոնյանը  ձերբակալված է:  Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով,  քննությունը կատարվում է Տավուշի մարզային քննչական վարչությունում:

Հրապարակվել է։ 16:57 15/03/2019