Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դատավորը գթաց 82-ամյա այրումցուն


Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Ռուբեն Թամրազյանը 2018թ. նոյեմբերի 13-ին,ժամը  09.15-ի սահմաններում Այրում քաղաքի Թումանյան փողոցում վիճաբանել է իր հարեւան, 1935թ. ծնված Նազիկ Սարգսյանի հետ, վերջինիս  կողմից իր հասցեին վիրավորական արտահայտությունններ հնչեցնելու պատճառով ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է  հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասվածք:  Ռ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:  Դատարանում նա  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ հայտնել, որ դեպքից մեկ ամիս առաջ հարեւանուհի Նազիկ Սարգսյանը հայտնել է, որ իր տան բակից վառելափայտ է գողացվել  եւ նա կասկածել է իրեն: Ինքը նրան հայտնել է, որ անհիմն է կասկածում, որից հետո Նազիկն իր եւ իր մահացած կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել:Դեպքի օրը ինքը հաց գնելու նպատակով տնից դուրս է եկել, իրեն նկատելով՝ Նազիկը կրկին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, քարով խփել է իրեն: Ռ. Թամրազյանը հայտնել է, որ ինքը հրել է նրան, քարը շպրտել նրա ուղղությամբ, Նազիկն ընկել է գետին, ինքը հեռացել է, հետո լսել է, որ նրան  տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Դատարանը պատիժ նշանակելիս որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորված է  եղել հանցագործությունը, ինչպես նաեւ այն, որ Ռ. Թամրազյանը 82 տարեկան է, վատառողջ, բնութագրվում է դրական, ընդունում է  մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարածի համար: Մարտի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ռ. Թամրազյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրա դատապարտել 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:

Հրապարակվել է։ 10:49 19/03/2019