Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ընտանեկան նպաստ ստանալու համար՝ կեղծ ամուսնալուծություն

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 31-ին նշանակված է  Սամվել Դավթյանի, Արթուր Մարգարյանի, Քրիստինե Հարությունյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի դատավարությունը։  Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Սամվել Դավթյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ․ հուլիսի 3-ից զբաղեցնելով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական ծառայության պետի պաշտոնը, 2016թ․-ին  Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության մասնաշենքում հանդիպել է սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկված Արմինե Բաբաջանյանին եւ շորթման, կաշառք ստանալու պահանջով դիմել է նրան, հայտնելով, որ սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարը՝ 36 հազար դրամը պետք է տրամադրի իրեն, հակառակ դեպքում կզրկվի նպաստից։

Արթուր Մարգարյանը մեղադրվում  է այն բանի համար, որ նա ընտանեկան նպաստ ծրագրում ընդգրկվելու նպատակով 2016թ․ ամռանը հանդիպել է  Դիլիջանի սոցիալական  ծառայության պետ Ս․ Դավթյանին, ում հայտնել է իր այցելության  նպատակի մասին։ Վերջինս տեղեկանալով, որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, նրան հայտնել է, որ չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, նրան ուղղորդել է ամուսնալուծվել կնոջից, որպեսզի կարողանա օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից։ Ա․ Մարգարյանը համաձայնվել է Ս․ Դավթյանի պահանջին,որի արդյունքում  վերջինս  միասնական դիտավորությամբ 2016թ․ սեպտեմբերից մինչեւ 2018թ․ հուլիսը ստացել է 115 հազար դրամ կաշառք։

Քրիստինե Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Սամվել Դավթյանի եւ  Արթուր Մարգարյանի օժանդակությամբ, խաբեության եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափերով հափշակություն։

Լիլիթ  Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ խաբեությամբ, գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ  լրացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանդիսացող դիմում-հայտարարագիր եւ թաքցնելով իր եւ ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը, լրացրել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, որ ինքը մշտապես բնակվում է Դիլիջան քաղաքի Գայի փողոցի  շենքերից մեկի  բնակարանում,որի հիման վրա նրան տրամադրվել է ընտանեկան  նպաստ։

Հրապարակվել է։ 08:18 29/10/2019