Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ֆինանսական բուրգ համարվող «Օնիքսումը »Իջեւան քաղաքում գրասենյակ ունի , մարդիկ անտեղյակ են վտանգից (տեսանյութ)

Պարզելու համար, թե ինչ ընթացք է ունեցել  տեսանյութում հարուցված քրեական գործը, «Հետք»-գրավոր հարցում է  ուղարկել  քննչական կոմիտե, որը հայտնեց, թե Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռք բերված բավարար ապացույցներով 2019թ. հոկտեմբերի 10-ին Քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել  Վ.Հ.-ին այն բանի համար, որ նա չլինելով Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավասություն ունեցող անձ, 2016 թվականի վերջերից Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված և իբրև մատչելի գնով հյուրանոցային փաթեթների վաճառքով զբաղվող, ֆինանսական բուրգ հանդիսացող «Վոդա», իսկ 2018թ. նոյեմբեր ամսից նման գործունեություն ծավալող «Օնիքսում» ընկերության մի մասի գործունեությունը, որոնցում գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Վ.Հ.-ն 2012-2013 թվականներին Հայաստանում տաքսի, բնակարանների վարձակալության միջնորդական բրոքերական ծառայություններ մատուցելիս ծանոթացել է Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք քաղաքացիների հետ և սովորել պարսկերեն լեզուն: 2016թ. ընթացքում տեղեկանալով Իրանից Հայաստանի տարածք տեղափոխված, իբրև ամբողջ աշխարհում մատչելի գնով բարձրակարգ հյուրանոցային փաթեթների վաճառքով զբաղվող և ցանցային մարքեթինգի անվան տակ քողարկված «Վոդա» ընկերության գործունեության մասին՝ ստացել է առաջարկ և պատրաստակամություն հայտնել գնել հյուրանոցային փաթեթ՝ անդամակցել ընկերությանը և դառնալ ցանցի անդամ ու հավաքագրել անդամների՝ առաջարկելով նրանց գնել շուկայում ոչ մրցակից, ամբողջական հանգստի համար մեծածավալ ծախսեր պահանջող հյուրանոցային փաթեթ, որը չի ներառել ավիատոմս, մուտքի արտոնագիր, ապահովագրություն և հանգստի համար նախատեսված այլ երաշխիքներ: Իրենց հերթին նրանք պետք է խոսքի գովազդի միջոցով ներգրավվեն այլ անձանց և ընկերության voda.net կայքի միջոցով իրականացնեն հյուրանոցային փաթեթի վաճառք՝ այդ կերպ ընկերության կայքում իրենց անվամբ բացված հաշվեհամարին ստանալ գումարին համարժեք միավորներ:

Ինչպես «Հետք»-ին հայտնել է քննչական կոմիտեն, Վ.Հ.-ն գնելով հյուրանոցային փաթեթ՝ ունեցել է աջ և ձախ ճյուղեր՝ յուրաքանչյուր կողմում անձ ներգրավելու, նրանց վաճառված փաթեթի դիմաց ընկերության e-wallet միավորով և «բիթքոին» տեսակի կրիպտոարժույթով միջնորդավճարներ ստանալու հնարավորություն: Կոմիտեն ընգծում է, որ ժամանակի ընթացքում ձեռք բերելով լիդերի կարգավիճակ՝ հիմնականում մշտական աշխատանք չունեցող, սոցիալապես անապահով անձանց շրջանում անցկացրել է դասընթացներ և սեմինարներ՝ շուտափույթ և խոշոր գումար վաստակելու հորդորներով կարճ ժամանակում զարգացրել և վերևից ներքև հաջորդականությամբ ընդլայնել է իր ճյուղերը՝ հետզհետե ցանցում ներգրավելով մեծ թվով մարդկանց: Փաթեթ գնելու եղանակով ցանցի անդամ դառնալու և այդկերպ գումար վաստակելու հանգամանքով պայմանավորված՝ ներգրավված անձինք ֆինանսական բուրգում ներդնելով տարբեր չափերի գումարներ և գնելով հյուրանոցային փաթեթ՝ մեծ մասամբ հետապնդել են ոչ թե հանգստի մեկնելու, այլ ավելի շատ գնորդների՝ անդամների հավաքագրման ձևով փաթեթեներ վաճառելու նպատակ, որի պայմաններում ներգրավված անձանց թվաքանակով պայմանավորվել է բուրգի վերևում կանգնած լիդերի և նրանից ներքև գտնվող յուրաքանչյուր անձի վաստակած գումարի չափը:

Ըստ քննչական կոմիտեի՝ 2018թ. հունիս-հուլիս ամիսներին «Վոդա» ընկերության գործունեությունը ֆինանսական բուրգ համարվելու պատճառաբանությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում արգելվել է, ինչից հետո ընկերության անդամագրված անդամները հիմնել են նույնանման գործունեություն ծավալող և onyxum.com կայքը գործարկող ֆինանսական բուրգ հանդիսացող «Օնիքսում» անվանումով այլ ընկերություն: 2018թ. նոյեմբեր ամսից շարունակելով նախորդի գործունեությունը Հայաստանում և դրա շրջանակներում՝ Վ.Հ.-ն ընդլայնել է բուրգի իր մասում ներգրավվող անձանց թվաքանակը, ինչի արդյունքում Երևանում և ՀՀ մի շարք մարզերում բացվել են նման գործունեություն ծավալող բազմաթիվ գրասենյակներ:

Վ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Այս պահի դրությամբ նախաքննությունը շարունակվում է:

«Հետք»-ը գրում է,որ 

2019 թվականի նոյեմբերի 25-ին «Օնիքսում» ընկերությունը նշել է իր 1-ամյակը, չնայած, որ 2018-ի դեկտեմբերին էլ ընկերությունը նշում էր իր 2-ամյակը: Ընկերության անդամներն ասում են, որ նախորդ տարի նշել են իրենց թիմի կազմավորման տարեդարձը, իսկ այս տարի՝ ընկերության հիմնադրման 1 և թիմի կազմավորման 3-ամյակը:

Այս տարվա միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև «Օնիքսում»-ի սեփականատերը, և չնայած որ ընկերության Youtube-ի ալիքում տեղադրված տեսանյութում անուն նշված չէ, ամենայն հավանակնությամբ դա եղել է Մոհամադ Ֆարիդ Զահեմզադեհը: Նա իր խոսքում նշել է, որ այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն ունի 20 աշխատակից և 7000 անհատ գործընկեր: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում» ընկերության վճարած 1000 դրամների մասին տվյալներ չկան: Սեփականատիրոջ խոսքով՝ 7000 անհատ գործընկերները գործում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ երկրներում: 

Հրապարակվել է։ 05:48 09/12/2019