Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գրիգոր Մաթեւոսյանի վճիռը մնաց անփոփոխ

Բերդ քաղաքի  բնակիչ, 1991թծնված  Գրիգոր Մաթեւոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): 2018թ օգոստոսի 2-ին Բերդ քաղաքում  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է   Գ. Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման, 112 հոդվածի 1-ին մասով`6 տարի ժամկետով ազատազրկման,ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նրան դատապարտել 17 տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատժին մասնակիորեն գումարել 2015թ. հունիսի 15-ի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով նրա պատժի չկրած մասը եւ Գ. Մաթեոսյանին վերջնականապես դատապարտել 18 տարի ժամկետով ազատազրկման: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Գ․ Մաթեւոսյանի շահերը պաշտպանում էին փաստաբաններ  Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը։ Հետո  փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել,  վերաքննիչ դատարանից խնդրելով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ Գրիգոր Մաթեւոսյանին  նրան առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ եւ արդարացնել, կամ գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Տուժողի իրավահաջորդ Ալվարդ  Ճաղարյանը վերաքննիչ բողոքում խնդրել է Գ․ Մաթեւոսյանին դատապարտել 25 տարի ժամկետով ազատազրկման։  Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը, ով դատարանին խնդրել է  բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ Գ․ Մաթեւոսյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով ավելի խիստ պատիժ։ 2019թ․ սեպտեմբերի 30-ին վերաքննիչ դատարանը , Մհեր Արղամանյանի նախագահությամբ, որոշել  է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ․ օգոստոսի 2-ի դատավճիռը թողնել անփոփոխ, դատախազ Ն․ Չիլինգարյանի, տուժողի իրավահաջորդ Ա․ Ճաղարյանի, ամբաստանյալ Գ․ Մաթեւոսյանի  պաշտպան Լ․ Սիմոնյանի վերաքննիչ բողոքները մերժել։   

Հրապարակվել է։ 08:55 07/11/2019