Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համայնքի ղեկավարից խարդախությամբ մեծ գումարներ հափշտակելու մեղադրանքով 7 տարի ժամկետով ազատազրկվեց


Իջեւանի բնակչուհի,1981թ ծնված Նարա Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ՝ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրեւ «Ապավեն համայնքներին»  բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Կ Դարբինյանից  հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 97 միլիոն ՀՀ դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլար։ Բարձրագույն կրթությամբ, ամուսնալուծված Ն Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ  մասի 1-ին կետով։ Ն Ղազումյանն այլ քրեական գործով գտնվել է արգելանքի տակ։ Սույն  գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է  2018թ օգոստոսի 27-ին։ Դատաքննության ընթացքում Ն Ղազումյանը ցուցմունք է տվել, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Տուժող Կարեն Դարբինյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ սեպտեմբերից հանդիսանում է Տավուշի մարզի Չինչին համայնքի  ղեկավարը, 2016թ դեկտեմբերի 28-ին իր բջջային հեռախոսահամարին զանգահարել է Նարա Ղազումյանը, ներկայացել որպես  «Ապավեն համայնքներին»  բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերի պատասխանատու անձ, առաջարկել Չինչին համայնքը ներառել կազմակերպության կողմից իրականացվող  առողջապահական, անասնապահական, շինարարարական եւ ջերմոցների կառուցման ծրագրերի ցանկում, որի համար անհրաժեշտ է կատարել մասնակցության վճար՝ 500  հազար դրամի չափով։ Որպես իր խոսքերի հիմնավորում, Նրան նշել է, որ նախկինում իրենք այդ  գյուղում առողջապահական ծրագրեր են իրականացրել։ Կ Դարբինյանը այդ հեռախոսազանգից հետո զանգահարել է Չինչին գյուղի  բուժքույրին, ով հայտնել է, որ այդ կազմակերպության եւ Նարա Ղազումյանի մասնակցությամբ կատարվել է գյուղի բուժկետի վերանորոգումը, գյուղացիների համար իրականացվել են առողջապահական տարբեր ծրագրեր։ Կ Դարբինյանը համացանցի միջոցով ստուգել է  Նարայի նշած կազմակերպությունը, տեսնելով, որ այդ կազմակերպությունը իրականում գոյություն ունի , Նարա Ղազումյանի անուն-ազգանունը նշված է աշխատակիցների ցանկում, համաձայնվել է 500 հազար դրամ ներդնել։ Հետագայում զրույցի ընթացքում Նարան առաջարկել է ավելի մեծ գումարներ ներդնել, բացատրելով, որ ինչքան մեծ լինի ներդրված գումարը, այնքան  մեծ կլինեն կատարվող աշխատանքները։ Մասնավորապես խոսել են  Չինչինի կենտրոնից  մինչեւ Իջեւան-Բերդ  ճանապարհն ընկած  հատվածի ասֆալտապատման իրականացման մասին։ Կ Դարբինյանը  բարեկամներից, ընկերներից  պարտքեր վերցնելով՝ գումարները   տվել  է Ն Ղազումյանին։ Կ Դարբինյանը դատարանին խնդրել է միջոցներ ձեռնարկելու իր ՝ 182 հազար 800 ԱՄՆ դոլարի չափով պատճառված վնասը վերականգնելու  ուղղությամբ։ Նա    հայտնել է, որ Ն Ղազումյանը ստացականներում նշել է 200 հազար ԱՄՆ դոլար՝ նպատակ ունենալով իրեն շահագրգռել եւ կանխել իրավապահներին դիմելու իր փորձերը։ Ն Ղազումյանի մեղքը դատարանում ապացուցվել է  նաեւ վկաների ցուցմունքներով։ 2020թ փետրվարի 7-ին Իջեւանում  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ն Ղազումյանին  մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, Ն Ղազումյանից հօգուտ Կարեն Դարբինյանի  բռնագանձել  182 հազար 800 ԱՄՆ դոլար՝ որպես տուժողին պատճառված նյութական վնաս, քաղաքացիական հայցի ապահովման համար արգելանք դնել Ն Ղազումյանի անշարժ եւ շարժական գույքի վրա՝ մինչեւ  պատճառված վնասի հատուցումը։ Սույն դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել։



Հրապարակվել է։ 06:40 04/03/2020