Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հետք». «Օնիքսում»-ի գործունեության վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել

   «Հետքը» գրել է «Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)  հայտնել էր, որ բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել:

Սակայն ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ չէր նշել, թե խոսքը որ կազմակերպության մասին է: «Հետք»-ը դատախազության հանրային կապերի բաժնից ճշտեց, որ խոսքը «Օնիքսում» ընկերության մասին է, որի ծավալած գործունեությանը «Հետք»-ը նախորդ տարվա դեկտեմբերին անդրադարձել էր: «Օնիքսում»-ի սեփականատերը կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհն էր (Mohamad Farid Zaem Zadeh), որի բիզնեսը մեր երկրում ընդլայնվում է հայաստանցի, այսպես կոչված, «լիդերների» միջոցով:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:

Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։

Հիշեցնենք, որ «Օնիքսում»-ի վերաբերյալ սա արդեն երկրորդ քրեական գործն է: Առաջինը հարուցվել էր 2018 թվականի նոյեմբերին՝ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Այդ գործի նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն: Նախորդ տարի Քննչական կոմիտեից պարզել էինք, որ գործում ներգրավված մեղադրյալը «Օնիքսում»-ի լիդերներից Վահե Հովհաննիսյանն է: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մի քանի օր առաջ էլ նախաքննական մարմնից քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ էինք փորձել ստանալ, Քննչական կոմիտեն հայտնեց, որ մոտ մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Հարկ է նշել, որ չնայած հարուցված քրեական գործերին՝ «Օնիքսում»-ը Երևանում և հատկապես մարզերում շարունակում է ընդլայնվել: Ընկերությունը գրասենյակներ է հիմնել նաև Արցախի Հանրապետությունում»:

 

Հրապարակվել է։ 07:28 15/02/2020