Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում դադարեցվել են զբոսայգու վերակառուցման աշխատանքները


 2019թ մայիսի 2-ին Իջեւանի համայնքապետարանը  «Խաչմիշշին»  ՍՊԸ-ին տրամադրել է  Իջեւան քաղաքի Գանինի եւ Անկախության փողոցների խաչմերուկում գտնվող զբոսայգու վերակառուցման նպատակով շինարարական աշխատանքների թույլտվություն ։ Աշխատանքները կատարվել  են  Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ, այդ նպատակով համայնքի բյուջեից նախատեսվում  է  հատկացնել  մոտ 7 միլիոն դրամ։ Մայիսի 3-ին, երբ նշված ընկերության աշխատողները  սկսել են  շինարարական աշխատանքները,ոստիկանության Իջեւանի բաժնի  աշխատակիցների ցուցումով  շինաշխատանքները դադարեցվել են։ Դրա պատճառը Իջեւանի բնակիչ Վալերի Մելիքբեկյանի ոստիկանություն տված  դիմումն   է,որի մեջ   Մելիքբեկյանը հայտնել է, որ  905 քառակուսի մետր  մակերերեսով  հողատարածքը, որտեղ նախատեսվում է կառուցապատել   զբոսայգի, սեփականության իրավունքով  իրեն   է պատկանում, ինքը ունի  սեփականության իրավունքի  գրանցման վկայական։ Իջեւան համայնքի ղեկավար  Վարդան Ղալումյանն ասաց,որ  առկա է  2006թ հուլիսի 17-ին Իջեւան  համայնքի հողատարածքների սեփականության  իրավունքի գրանցման  միասնական վկայական, որի մեջ առկա են համայնքի  հողատարածքները, այդ թվում՝ զբոսայգու համար նախատեսված տարածքը։ Նա ասաց, որ   ոստիկանության Իջեւանի  բաժնից, զբոսայգու վերակառուցման հետ կապված    տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ   գրություն  ինքը   ստացել  է մայիսի 6-ին, մինչդեռ  ոստիկանների պահանջով   շինարարական աշխատանքները դադարեցվել են մայիսի 3-ին; Քաղաքապետը տարակուսեց, թե ոստիկանները ինչպես են որոշել, որ  զբոսայգու համար նախատեսված  տարածքը հենց Վ Մելիքբեկյանին պատկանող հողատարածքն է, վերջինիս ներկայացրած  սեփականության իրավունքի  վկայականը այդ հողատարածքին է առնչվում, կատարվող  շինարարությունն անօրինական է։  Մայիսի 13-ին Վ Ղալումյանը նամակ է  ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ  Գեորգի Միրզոյանին, ուր նշել է , որ  ՀՀ   «Քաղաքաշինության մասին » օրենքի, « Հողային օրենսգրքի»  43-րդ հոդվածի, « Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածների համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում հողօգտագործման եւ շինարարական աշխատանքների կանոնակարգման լիազություններով օժտված է համայնքի ղեկավարը, նշված լիազորությունների շրջանակներում   համայնքի ղեկավարը տալիս է շինարարության թույլտվություն եւ  խնդրել է հայտնել, թե որ օրենքի որ հոդվածով է նախատեսված ոստիկանության ծառայողների կողմից շինարարական աշխատանքները  դադարեցնելու վերաբերյալ   ցուցումը։

Այս խնդրի առնչությամբ  հանդիպեցի ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ  Վահե Ղազարյանի եւ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի հետ , նրանցից տեղեկացա, որ Վ, Մելիքբեկյանը  դիմել է  ոստիկանություն, որ իրեն պատկանող հողամասում անօրինական շինարարություն  է  կատարվում,որի  հիման վրա շինարարական աշխատանքները կասեցվել են,  ոստիկանության Իջեւանի բաժնում այդ կապակցությամբ   նյութեր են նախապատրաստվում, 10 օր ժամկետում կորոշվի այդ նյութերին ընթացք տալու-չտալու  հարցը։ 10 օրյա  ժամկետը լրանում է  մայիսի 16-ին։ Դատախազ Վ Գրիգորյանը հայտնեց,որ դատախազությունը իր լիազորությունների սահմաններում դատախազական հսկողություն է իրականացնում։

Քաղաքապետ Վ Ղալումյանն ասաց,որ զբոսայգու վերակառուցման  աշխատանքների դադարեցումը խանգարում է  Իջեւան քաղաքի զարգացմանը, շինարարության նպատակով  փորված փոսերը  խանգարում են բանուկ այդ  տարածքով  Իջեւանի բնակիչների անցուդարձին։

Լուսանկարում՝ խորհրդային շրջանում Իջեւանի  կենցաղի տան շրջակա տարածքը գեղեցիկ  պուրակ էր

 

Հրապարակվել է։ 17:11 14/05/2019