Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քրեական գործով մեղադրվողը՝ Իջեւանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը դատի է տվել

 2019թ․ մայիսի 21-ին Էդվարդ Ֆրանգուլյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իջևան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ «Իջևան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ժամանկավոր պաշտոնակատար  Վազգեն Մարգարյանի՝ աշխատանքից ազատելու մասին 2019 թվականի  մայիսի 3-ի  թիվ 76 հրամանը և 2019 թվականի մայիսի 14-ի  «Խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 92 հրամանն անօրինական համարելու, դրանք վերացնելու և հայցվորի խախտված իրավունքները վերականգնելու պահանջների մասին: 

Դատարանի  2019 թվականի մայիսի 31-ի  որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը հստակ չլինելու հիմքով: 2019 թվականի հունիսի 4-ին   հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան՝ հետևյալ պահանջներով. անվավեր ճանաչել «Իջևան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության  ժամանaկավոր պաշտոնակատար  Վազգեն Մարգարյանի՝ Էդվարդ Ֆրանգուլյանին «Իջևան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնից ազատելու մասին 2019 թվականի մայիսի 3-ի  թիվ 76 հրամանը և 2019 թվականի մայիսի  14-ի  «Խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 92 հրամանը, բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը, վերականգնել նախկին աշխատանքում: Հունիսի 6-ին դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումն  ընդունելէ վարույթ; Սույն քաղաքացիական հայցով օգոստոսի 7-ին  նախնական դատական նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակված է  օգոստոսի 20-ին։  


Նախկինում հայտնել ենք, որ  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 26-ին մեկնարկել է  Իջեւանի քաղաքի բնակիչ, 1965թ․ ծնված Էդվարդ Ֆրանգուլյանի եւ  Երեւանում գրանցված, 1964թ․ ծնված   Վանուհի Ասիլբեկյանի դատավարությունը։ Է․ Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իջեւան  բժշկական կենտրոն»   ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ , 2017թ․ հուլիսի 14-ին կամ 15-ին, նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ասիլբեկյանի հետ, նրա կողմից կատարված  հանցավոր արարքը թաքցնելու եւ պատասխանատվություն չենթարկելու նպատակով, պատասխանատվությունից ազատող, պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող, Էլինա Սաղոյանի անվամբ լրացված թիվ 1554 ծննդաբերության պատմության մեջ կեղծ գրառումներ են կատարել։ Վ․ Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա  հանդիսանալով Իջեւան  բժշկական կենտրոն»   ՓԲԸ-ի   մանկաբարձ-գինեկոլոգ եւ հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում  իրականացնող անձ, պարտավոր լինելով ապահովելու ցուցաբերվող  բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը  սահմանված չափանիշներին, 2017թ․ հուլիսի 14-ին  Իջեւան քաղաքի բնակչուհի  Էլինա Սաղոյանի ծննդաբերության ընթացքում  իր մասնագիտական պարտականությունները կատարել է  ոչ պատշաճ,  դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք։ Է․ Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, Վ․ Ասիլբեկյանին՝  130 հոդվածի 2-րդ մասով եւ  325 հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։  2017թ․ հուլիսի 14-ի վաղ առավոտյան  23-ամյա  Էլինա Սաղոյանը ընդունվել  է Իջեւանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունք, ուր այդ օրը երեկոյան Էլինայի     ծննդաբերության  ժամանակ  նրա նորածին երեխան  մահացել է։

Հրապարակվել է։ 09:20 19/08/2019