Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խոշտանգման գործով՝ ուշացրած վերաքննիչ բողոք

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասովԽոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  2019թ.  հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատական նիստում  քրեական գործով մեղադրողը՝ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը  մեղադրական ճառի  ավարտին դատարանին միջնորդեց Գ.  Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ  դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Փետրվարի 6-ի նիստում  իր հնչեցրած  50 էջանոց պաշտպանական ճառի ավարտին  Գ. Մարդանյանի պաշտպան, փաստաբան  Ռոբերտ Ալիխանյանը դատարանին խնդրեց ճանաչել եւ հռչակել Գ. Մարդանյանի անմեղությունը նրան առաջադրված հոդվածում: Դատավոր Զոյա Զաքինյանը  վճռեց  Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել:  Ըստ դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգի՝ սույն դատավճիռի կատարման ժամկետը մարտի 11-ն է:  Դրանից մեկ օր անց՝ մարտի 12-ին Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը   քրեական գործերով վերաքննիչ դատարան առձեռն հանձնել է վերաքննիչ բողոք, որով դատարանից խնդրել է վերաքննիչ բողոքն ընդունել դատարանի վարույթ, վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, բեկանել   Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի  6-ին կայացրած արդարացման դատավճիռը, Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ՝ ազատազրկման ձեւով: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք ներկայացնելու  համար նախատեսված մեկամսյա ժամկետի խախտումով  վերաքննիչ բողոքը վարույթ կընդունի՞, թե՝ ոչ, կպարզի առաջիկայում:

Հրապարակվել է։ 15:22 22/03/2019