Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կրտսեր սերժանտը դանակահարել է ստորադասին

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ընթանում  է  Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից  մեկի  զինծառայողներ  Աշոտ Ստեփանյանի  եւ  Վիգեն Թերզյանի դատավարությունը։ Աշոտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար  նա հանդիսանալով  նշված զորամասի զինծառայող, 2019թ օգոստոսի 19-ին, ժամը 03․30-ի սահմաններում վիճաբանել է կրտսեր սերժանտ Վիգեն Թերզյանի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է  հնչեցրել վերջինիս հասցեին։ Վիգեն Թերզյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա  նշված ժամանակահատվածում վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Աշոտ Ստեփանյանի հետ,որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, իրեն ամրակցված զենքով՝ սվին-դանակով հարվածներ է  հասցրել Աշոտ Ստեփանյանի ձախ թեւատակին։ Ա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով(«Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաեւ պետի հրամանատարի)  կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ» )։ Վիգեն Թերզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  358,1  հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով(«Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որոնք կատարվել են  զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով, առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով»)։  Զինծառայողների  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության  հանձնելը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

Հրապարակվել է։ 07:51 12/12/2019