Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մաքսակետի պետի տեղակալին դատում են

 

 Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում  է  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 1966թ ծնված   Հովհաննես Մարաբյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության <<Բագրատաշեն>> մաքսային կետ-բաժնի պետի տեղակալի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը դիտավորությամբ օգտագործել  է ծառայության շահերին հակառակ։ Նա 2019թ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպել եւ հսկել  է ենթակա աշխատակիցների կողմից մաքսային կետի խոր զննման անգար մուտք եղած ավտոմեքենաների ու դրանցում առկա բեռների զննման, կշռման, հաշվառման եւ ձեւակերպման ողջ գործընթացը։ Ներկրված բեռների մաքսային հսկողության ընթացքում  Հ Մարաբյանը դիտավորությամբ չի կատարել  իր ծառայողական պարտականությունները, ամբողջ ծավալով չի կշռել եւ հաշվառել անգարում առկա բեռները, ներկրողները բեռնատար ավտոմեքենաներում բեռնել  են չհայտարարագրված եւ անգարի ելքի դռան մոտ կուտակված 13 191,89 կգ քաշով ապրանքներ, որոնք մաքսային հսկողության տարածքից դուրս են բերվել օգտագործելով որոշ ապրանքների ձեւակերպման փաստը հաստատող  թվով  4 հայտարարագրերը, սակայն դրանց  տեղափոխումը Երեւան քաղաք խափանվել  է  ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում։ Հովհաննես Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով(<< Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ>>), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։

Մաքսակետի լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի

Հրապարակվել է։ 05:48 15/05/2020