Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանին դատի է տվել


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  2019թ. փետրվարի 18-ին որոշում է ընդունել  Ռուզաննա Գրիգորյանին ազատել «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից: Որպես որոշման հիմք` նշված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը` «Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ»: Ռ. Գրիգորյանը մինչ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը Իջեւանի տարածաշրջանի «Աչաջուրի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր: Նա Իջեւանի ԲԿ-ն ղեկավարում էր 2015թ. հոկտեմբերի 20-ից: Իջեւանում  տարածված խոսակցությունների համաձայն, Ռ․ Գրիգորյանին աշխատանքից ազատելու առիթ էր հանդիսացել այն, որ Գրիգորյանը բժշկական կենտրոնի աշխատակիցներին տարածք չէր տրամադրել արհմիության ժողով անցկացնելու համար։ Մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ ապրիլի 22-ին որոշում է ընդունել այն մասին,որ մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն  Մարգարյանին նշանակել այդ բուժհիմնարկի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։  2019թ, մարտի 7-ին Ռուզաննա Գրիգորյանի ներկայացուցիչ Վաչագան Քոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան  ընդդեմ Տավուշի մարզպետարանի  հայցադիմում է  ներկայացրել՝ աշխատանքային պայմանագրի լուծման որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի եւ խախտված իրավունքները վերականգնելու համար  կատարված ծախսերի գումարները բռնագանձելու պահանջներով։  Մարտի 14-ին  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում  դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը  որոշել է  Ռուզաննա Գրիգորյանի հայցադիմումը վարույթ ընդունել։ Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերն ընթանում նշված դատարանում ընթանում են մայիսի 8-ից։

Հրապարակվել է։ 09:54 03/06/2019