Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում են մարտական դիրքի դիզվառելիքը էժան, ապառիկ վաճառելու մեջ

 

Տավուշի մարզի   առաջին ատյանի դատարանում  հունիսի 27-ին սկսվել է  Հայկ Դավթյանի, Մամիկոն Եգանյանի եւ Արշակ  Խուդավերդյանի  դատավարությունը։  Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 1991թ ծնված   Հ Դավթյանին մեղադրանք  է առաջադրվել այն  բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի դասակի հրամանատար, 2019թ հունվարի 11-ից մինչեւ  հունվարի 24-ն ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասում գտնվող  մարտական դիրքում, որպես դիրքի ավագ, վատնելու դիտավորությամբ նույն ժամանակահատվածում թույլատրել  է  այդ մարտական դիրքի անձնակազմին նախատեսվածից  քիչ վառելու եղանակով  տնտեսել ծառայողական օգտագործման նպատակով իրենց հատկացված 120 լիտր դիզելային վառելիքը։ Տավուշի մարզի  Լուսաձոր գյուղի բնակիկչ, 1991թ ծնված  Մամիկոն Եգանյանին  մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա հանդիսանալով նշված  զորամասի պայմանագրային զինծառայող, 2019թ հունվարի 11-ից մինչեւ հունվարի 24-ն ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասում գտնվող  մարտական դիրքում, որպես սանհրահանգիչ,  օժանդակել է նույն  ժամանակահատվածում դիրքի ավագ Հայկ Դավթյանի թույլտվությամբ մարտական դիրքի անձնակազմի կողմից ծառայողական օգտագործման նպատակով  իրենց հատկացված 140 լիտր դիզելային   վառելիքից նախատեսվածից քիչ վառելու եղանակով տնտեսված  120 լիտր վառելիքը 2019թ հունվարի 23-ին տեղափոխել  է մարտական դիրքի հարակից տարածք եւ տվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ  Արշակ Խուդավերդյանին։ Վերջինիս  մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ հունվարի 23-ին, ժամը 1900-ի սահմաններում  շուկայականից ակնհայտ էժան, 30 հազար դրամ գումար հետագայում վճարելու պայմանով  ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով  ձեռք բերված 120 լիտր դիզվառելիք։  Հ Դավթյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը , որըը կատարվել  է պաշտոնեական դիրքն օգտագործելով» ), Մ Եգանյանին մեղադրանք է առաջադրվել   38-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելու  կամ վատնելու հանցակցությունը , որըը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով» ), Ա Խուդավերդյանին՝ 216 հոդվածի 1-ին մասով(«Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք  բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել»)։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

Հրապարակվել է։ 11:50 01/07/2019