Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրյալի աթոռին իջեւանցի բժիշկներ են


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 26-ին մեկնարկեց  Իջեւանի քաղաքի բնակիչ, 1965թ․ ծնված Էդվարդ Ֆրանգուլյանի եւ  Երեւանում գրանցված, 1964թ․ ծնված   Վանուհի Ասիլբեկյանի դատավարությունը։ Է․ Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իջեւան  բժշկական կենտրոն»    ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ , 2017թ․ հուլիսի 14-ին կամ 15-ին, նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ասիլբեկյանի հետ, նրա կողմից կատարված  հանցավոր արարքը թաքցնելու եւ պատասխանատվություն չենթարկելու նպատակով, պատասխանատվությունից ազատող, պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող, Էլինա Սաղոյանի անվամբ լրացված թիվ 1554 ծննդաբերության պատմության մեջ կեղծ գրառումներ են կատարել։ Վ․ Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա  հանդիսանալով Իջեւան  բժշկական կենտրոն»   ՓԲԸ-ի   մանկաբարձ-գինեկոլոգ եւ հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում  իրականացնող անձ, պարտավոր լինելով ապահովելու ցուցաբերվող  բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը  սահմանված չափանիշներին, 2017թ․ հուլիսի 14-ին  Իջեւան քաղաքի բնակչուհի  Էլինա Սաղոյանի ծննդաբերության ընթացքում  իր մասնագիտական պարտականությունները կատարել է  ոչ պատշաճ,  դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք։ Է․ Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, Վ․ Ասիլբեկյանին՝  130 հոդվածի 2-րդ մասով եւ  325 հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նշեմ, որ 2017թ․ հուլիսի 14-ի վաղ առավոտյան  23-ամյա  Էլինա Սաղոյանը ընդունվել  է Իջեւանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունք, ուր այդ օրը երեկոյան Էլինայի     ծննդաբերության  ժամանակ  նրա նորածին երեխան  մահացել է։

Հրապարակվել է։ 06:32 27/06/2019