Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նախկինում դատված համայնքապետին դատում են


Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի  ղեկավար  Գրիգոր Սարհատյանի դատավարությունը։  Գ. Սարհատյանը 397 բնակիչ ունեցող  Լուսահովիտ համայնքը ղեկավարում է  2018թ դեկտեմբերի 2-ից։ 1984թ ծնված  Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Արման Խոջայանի կողմից ապօրինի  ծառահատումներ կատարելը, այդ նպատակով նրան է տրամադրել իրեն պատկանող  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան։ Արման Խոջայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գ Սարհատյանի կազմակերպմամբ, 2019թ հոկտեմբերի 19-ին բենզասղոցով Գ Սարհատյանի համար ապօրինի հատել է 6 հատ հաճարենի տեսակի կանգուն ծառեր ՝պետությանը պատճառելով 168 հազար 300 դրամի  վնաս։ Գրիգոր Սարհատյանին եւ Արման Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առաց թույլտվության տեղափոխելը, որոնք կատարվել են  խոշոր վնաս  պատճառելով»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Գրիգոր Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա  Սարհատյանի որդին է; Գ Սարհատյանը 2016թ մարտի 5-ին    2  տարի ժամկետով ազատազրկման է  դատապարտվել Խաշթառակ գյուղի մի ընտանիքի 7 գլուխ խոշոր  եղջերավոր անասունը գողանալու համար։  Գ․ Սարհատյանի  պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճառաբեկ  բողոքներ է ներկայացրել, սակայն դրանք մերժվել են։ 2016թ․ դեկտեմբերի 19-ին Իջեւանում  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը  քննելով  Գ. Սարհատյանի դիմումը դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, վերջինս բողոք կամ պահանջ չունի ու նպատակահարմար չի գտնում  Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը, որոշել  է  Գ. Սարհատյանի ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել այլընտրանքային պատժատեսակով եւ որպես հիմնական պատիժ նշանակել հանրային աշխատանքները`2200 ժամ ժամկետով:

Հրապարակվել է։ 07:37 23/06/2020