Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության բաժիններում մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած 37-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, կամավոր հանձնեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, պահեստատուփ և 5,45 մմ տրամաչափի 75 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը։ Գտել է խորդանոցը մաքրելիս։

Գյումրու մեկ այլ բնակիչ, 33-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնեց որսորդական հրացան ու տարբեր տրամաչափի 30 փամփուշտ, որոնք գտել էր տանը կից խորդանոցը մաքրելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Հունվարի 27-ին ոստիկանության Թալինի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը Արտենի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց նռնակ, հրահրող քուղ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։
Աշտարակի բաժին եկած Օշականի բնակիչ, 60-ամյա մի տղամարդ էլ կամավոր հանձնեց առանց գործարանային համարի «ՏՕԶ» տեսակի հրազեն՝ հայտնելով, որ հրացանն իրենն է, պահել էր գոմի տանիքում։
Ինքնաշեն ատրճանակ, զենիթային համակարգի փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ ու տարբեր տրամաչափի 80 փամփուշտ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Ելփին գյուղի մի բնակիչ։
Հունվարի 29-ին էլ Եղեգնաձորի բաժին եկած 23-ամյա երիտասարդը, որը դարձյալ Ելփին գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց հանգուցյալ պապին պատկանած գործարանային համարով «ԻԺ» հրացանը, որը գտել էր իրենց տանիքում։
Ոստիկանության Գավառի բաժին եկած Գանձակ գյուղի բնակիչ, 26-ամյա երիտասարդը նույնպես կամավոր հանձնել է ատրճանակ, ինչպես և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ Գտել էր նկուղից։
«ՏՕԶ» տեսակի առանց գործարանային համարի հրացանն էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է Գավառի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։
«ՏՕԶ» հրացանի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Գործարանային համարով ակոսափող հրազենը բաժին էր բերել Վահան գյուղի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ։ Նա բացի հրացանից բաժին էր բերել նաև տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։
Ճամբարակի բնակիչ, 54-ամյա մի տղամարդ էլ բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Հունվարի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եկած Պտղավան գյուղի բնակիչ, 54-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գործարանային արտադրության մեկփողանի հրացան ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքն իրենն է, պահել էր տանիքում։
Հունվարի 29-ին զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Տավուշի բաժնում։ Արծվաբերդ գյուղի 43-ամյա մի բնակիչ բաժին էր բերել տարիներ առաջ ձեռք բերած հակատանկային նռնականետը, գործարանային համարով հրացանն ու տարբեր տրամաչափի 20-ից ավելի փամփուշտները։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։



Հրապարակվել է։ 05:14 01/02/2020