Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փորձել են գողանալ կարիքավորների համար նախատեսված օգնության ապրանքները

Իջեւան քաղաքի բնակիչներ Գեղամ Սարուխանյանին, Էրիկ Ցուցուլյանին, Գարիկ  Պետրոսյանին, Էրիկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նրանք  խմբով,   ժամանակավորապես  որպես պահեստարան հանդիսացող Իջեւան քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին շենքում գտնվող   Իջեւանի  թիվ 4 հիմնական դպրոց ապօրինի մուտք գործելու եւ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական համաձայնությամբ,  2020թ․ ապրիլի 14-ին, ժամը  02․30-ի սահմաններում գնացել  են  նշված դպրոցի բակ, հետնամասից մոտեցել  դպրոցի առաջին հարկում գտնվող  զուգարանի  պատուհանին, որտեղ  Էրիկ Մելիքսեթյանը հրելով  բացել է պատուհանի փեղկը, ապա ԳԵղամ Սարուխանյանը ապօրինի մուտք է  գործել դպրոցի առաջին հարկի միջանցք, որտեղից պատուհանով  դրսում  գտնվող Գարիկ Պետրոսյանին, Էրիկ Ցուցուլյանին , Էրիկ Մելիքսեթյանին է փոխանցել  Իջեւան քաղաքի անապահով ընտանիքների համար նախատեսված ընդհանուր 88 հազար 410 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն  իրենց կամքից անկախ հանգամանքներում  հանցագործությունն ավարտին հասցնել  չեն կարողացել։  Գեղամ Սարուխանյանին, Էրիկ Ցուցուլյանին, Գարիկ Պետրոսյանին, Էրիկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով(« Գողության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ  շինություն ապօրինի մուտք գործելով»)։ Գեղամ Սարուխանյանի,  Գարիկ Պետրոսյանի, Էրիկ Մելիքսեթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ անչափահաս Էրիկ Ցուցուլյանի նկատմամբ՝ հսկողությանը հանձնելը։ Գեղամ Սարուխանյանը եւ   Էրիկ Մելիքսեթյանը Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից  մ եկի զինծառայողներ են, այդ պատճառով սույն քրեական գործով  մեղադրանքը պաշտպանում  է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։  Որպես կատարված հանցագործության իրեղեն ապացույց դատարան են ներկայացվել  Գեղամ Սարուխանյանին մեկ զույգ կոշիկները եւ  իջեւանցի, ուկրաինաբնակ  գործարար  Ղազարյանների ընտանիքի կողմից գրառումներով սպիտակ թղթերի մեկ  փաթեթը։  Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց հուլիսի 6-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Հրապարակվել է։ 07:21 08/07/2020