Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պաշտպանը միջնորդեց քրեական գործը կարճել


Դիլիջանի ազգային պարկի տնօրեն, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թ․ ծնված Սուրեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ․ դեկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ի սահմաններում  «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորությամբ իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով  ընդհատել է կենդանու՝ շան կյանքը։ Ս․ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով  մարտի 6-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատական նիստ կայացավ։ Դատավոր Զոյա Զաքինյանը  Սուրեն Աղաջանյանին ծանոթացրեց նրա իրավունքներին եւ պարտականություններին։ Ս․ Աղաջանյանը հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը դատարանին 2 միջնորդություն ներկայացրեց։ Նա դատարանին միջնորդեց  առաջադրված մեղադրանքն անհիմն համարել եւ Ս․ Աղաջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել։ Պաշտպանը հայտնեց, որ հայտնաբերված չէ շան մարմինը, հրազենը դատաձգաբանական փորձաքննության չի ենթարկվել, դրա վերաբերյալ  միջնորդությամբ նախաքննության փուլում հանդես է  եկել պաշտպանական կողմը։ Պաշտպանը ընդգծեց, որ շան կյանքի ընդհատումը ապացուցված չէ, դեպքից հետո  այդ շանը երկաթգծի ռելսերի մոտ տեսնողներ են եղել; Ռ․ Ալիխանյանի խոսքերով՝ եթե  նույնիսկ ընդունենք, որ Ս․ Աղաջանանը կրակել է շան վրա, չի ապացուցվում, որ  նա կենդանու նկատամամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորություն է ունեցել, քանզի շան գլխին կրակելը դաժան վերաբերմունք, շան կյանքը տանջալից կամ ցավոտ ընդհատել չէ։ Պաշտպանը նշեց, որ քրեական  գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 20 օր, ինչը բավական չէր գործը հանգամանորեն, լիարժեք քննելու համար։ Մեղադրող Ազատ Մարգարյանն առարկեց այդ միջնորդության դեմ, նշելով, որ դատավարության այդ փուլում քննվում են  քրեական գործում նոր ապացույցներ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունները եւ հարկ չկա հղում անել  դատարանում դեռեւս չհետազոտված  ապացույցներին։ Դատավոր Զոյա Զաքաինյանը  որոշեց այդ միջնորդության  քննարկումը հետաձգել։ Պաշտպան Ռ․ Ալիխանյանը  դատսրանին միջնորդեց  3 անձանց նախաքննական ցուցմունքները որպես քրեական գործով  ապացույց ընդունելու եւ նրանց դատարան դատակոչելու մասին։ Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ այդ անձանց ցուցմունքներում գործի համար էական փաստեր չկան, նրանց կարծիքներն են կամ ուրիշներից լսած խոսակցություններ։ Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց միջնորդության առաջին հատվածի քննությունը հետաձգել,  նշված 3 անձանց դատարան դատակոչել;  Քանի որ որ նախապես  դատակոչված վկաները չէին ներկայացել նիստին, դատական նիստը  հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին, ժամը 12-ին։

Հրապարակվել է։ 04:06 10/03/2020