Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պաշտպանը փաստերով հերքեց, որ խոշտանգում է եղել

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ Մարդանյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Գ. Մարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչել` ասելով, որ քրեական գործը շինծու է, անտառախախտումներ կատարող Սիմոնյանների ընտանիքը իրեն մեղադրել է խոշտանգման մեջ, քանի որ ինքը չի կատարել նրանց խնդրանքը եւ ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող տարածք տեղափոխված բեռնատարը նրանց չի վերադարձրել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2020թ փետրվարի 20-ին  քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ  կայացավ դատական հերթական նիստը, որի ընթացքուն իր ճառը շարունակեց  Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա ելույթում կային հղումներ խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված գործերին: Նա ասաց, որ Տավուշի  մարզի առաջին ատյանի դատարանը իր վնաս Ժորա Սիմոնյանի, կողմնապահություն է  արել։ Իր ճառի ավարտին նա դատարանին  խնդրեց բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  վճիռը։ Այնուհետ  ճառով հանդես եկավ Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը։ Նա  ասաց, որ դատաբժշկի տված հակասական եզրակացությամբ, դատաբժշկի եւ մյուս բժիշկների  դատարանում տված ցուցմունքներով չի հաստատվել  , որ Ժորա Սիմոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում վնասվածքներ է ստացել, խոշտանգում է  տեղի ունեցել;  Պաշտպանը հայտարարեց, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ժորա Սիմոնյանը խոշտանգման է ենթարկվել  ժամը 15-ի սահմաններում, մինչդեռ վերջինս ցուցմունք է տվել, որ  ինքը խոշտանգման է ենթարկվել  ժամը 17-ից 18-ի արանքում։ Հակադարձելով   փաստաբան Ղարագյոզյանի այն պնդմանը,թե Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը կողմնակալ է եղել, Ալիխանյանը նշեց , որ առաջին ատյանի դատարանում մեկուկես  տարի տեւած դատավարության ընթացքում Արա Ղարագյոզյանը ոչ մի միջնորդություն չի ներկայացրել, դատավորին բացարկ  չի հայտնել։ Ռոբերտ Ալիխանյանի  պաշտպանական  ճառը բաղկացած էր 45 էջից, նա դրա կեսն էր  ընթերցել, աշխատանքային օրն ավարտվում էր, դատավոր Մ. Հարությունյանն ավարտեց նիստը,  հաջորդ նիստը նշանակելով  մարտի 19-ին, ժամը 15-ին:

Հրապարակվել է։ 18:25 25/02/2020