Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում․ OCCRP


Ռւսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլարայս մասին հայտնում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP): Երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում հետաքննող լրագրողները պնդում են, որ ժամանակին ռուսաստանյան թերևս ամենախոշոր ներդրումային այդ բանկը, լրագրողների բնորոշմամբ՝ «Տրոյկա լվացքատունը», հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունեցող, կոռումպացված անձանց հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից և թաքցնել ունեցվածքը: Այդ անձանց ցանկում լրագրողները գտել են նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընկերոջը՝ ջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, ով համարվում է ռուսաստանցի ամենահարուստ մարդկանցից, և ում անունը կապվում է խոշոր կոռուպցիոն գործարքների հետ: Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը նշում է, որ հայազգի բարերար Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգը» 2000-ականների կեսերին ստեղծել է ավելի քան 75 օֆշորային ընկերություններ, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio բանկում, որը, սակայն, 2013 թվականին փակվել է: Ըստ լրագրողների` ռուսաստանյան փողերը լվացվել են հենց այդ բանկի հաշվեհամարի միջոցով, հիմնականում փոխանցումները արվել են գոյություն չունեցող ապրանքների և ծառայությունների դիմաց, այնուհետև լիտվական այդ բանկի միջոցով գումարները ուղարկվել են արևմտյան բանկերի հաշվեհամարներին: Հետաքննության տվյալներով, «Տրոյկա լվացքատունը» օգտագործվել է նաև Ռուսաստանից այն գումարները դուրս տանելու համար, որոնց ճակատագիրը փորձում էր պարզել Սերգեյ Մագնիտսկին, ով 2009 թվականին սպանվեց մոսկովյան բանտում: Հետաքննող լրագրողներին միավորող կազմակերպության պնդմամբ՝ այդ սխեմաները թույլ են տվել ռուսաստանյան քաղաքական և գործարար շրջանակներին գաղտնի մասնաբաժին ձեռք բերել պետական ընկերություններում և անշարժ գույք՝ արտասահմանում: Ընդ որում, ըստ բացահայտված փաստաթղթերի, կասկածելի գործարքներում օգտագործվում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած և գործարքներից գաղափար չունեցող հայերը: «Տրոյկա Դիալոգի» գլխավոր բաժնետերը Ռուբեն Վարդանյանն էր, ով 2012 թվականին իր բաժնեմասը վաճառել է «Սբերբանկ»-ին: Հետաքննող լրագրողների հարցմանն ի պատասխան, Վարդանյանը խոստովանել է՝ ինքը հրեշտակ չէ, սակայն ունեցել է ներքին զսպվածություն: «Ռուսաստանում դու ունես երեք ուղի՝ լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոմֆորմիստ», - ասել է հայազգի գործարարը՝ հավելելով, որ ինքը նախընտրել է երրորդ տարբերակը՝ լինել կոմֆորմիստ: Ռուբեն Վարդանյանը վստահեցրել է, թե երբեք չի մասնակցել հարկային աճուրդների, չի աշխատել հանցագործների հետ, չի եղել նաև այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ: «Այդ է պատճառը, որ նույնիսկ 90-ականներին ես առանց անվտանգության աշխատակիցների էի քայլում, ես փորձում էի պահպանել ինձ և իմ սկզբունքները», - միջազգային հետաքննող խմբի հարցմանն ի պատասխան ասել է հայազգի խոշոր գործարարը:

Azatutyun.am

 

Հրապարակվել է։ 14:23 05/03/2019