+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուբեն Վարդանյանին մեղադրում են Թաթարստանի նախագահին կաշառք տալու մեջ


Երեկ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հերթական կոռուպցիոն բացահայտումներ պարունակող հետաքննական նյութն է հրապարակել, որի վերնագիրն է «Կաշառքներ, պալատներ, ինքնաթիռներ. Ինչի՞ դիմաց են վաճառել Թաթարստանի ժողովրդին»: Այն նվիրված է ՌԴ Թաթարստանի հանրապետության իշխող վերնախավին և նրա կոռուպցիոն գործունեությանը: Այդ կոռուպցիոն գործարքների մեջ շոշափվում է նաև հայազգի գործարար, «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի անունը:

Հետաքննության մեջ նշվում է, որ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի գույքի հիմնական մասը գրանցված է նրա կնոջ՝ Գուլսինա Միննիխանովայի անունով: Ի թիվս այլոց, Թաթարստանի նախագահի կնոջն է պատկանում նաև Կազանի կենտրոնում գտնվող «Լուչիանո» ընկերությունը և համանունը հյուրանոցային համալիրը, որտեղ գործում է նաև ՍՊԱ կենտրոն: 2016թ-ին 2.2 միլիարդ ռուբլով այդ ընկերության բաժնետոմսերի 49%-ը գնել է Կիպրոսում գրանցված օֆշորային «Սանտեռնա» ընկերությունը, որը պատկանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին` Ռուբեն Վարդանյանին:

Հետաքննող թիմը, վկայակոչելով «Սանտեռնայի» ֆինանսական հաշվետվությունները, հայտնաբերել է, որ կիպրոսյան ընկերությունը «Լուչիանոյի» բաժնետոմսերի 49%-ի համար վճարել է 33,5 միլիոն դոլար, սակայն արժեզրկել է իր ներդրումը և ընկերության իր հաշվեկշռում է թողել ընդամենը 6,6 միլիոն դոլար բիզնեսի բաժնեմաս: «Տեսականորեն դա կարող էր պատահել, եթե բիզնեսը գնելու հաջորդ օրը երկնաքար ընկներ «Լուչիանո» հյուրանոցի վրա և ամբողջությամբ ոչնչացներ այն», — նշում է հետաքննությունը: Այսինքն՝ «գործարքը, եզրակացնում են հիմնադրամի աշխատակիցները, կեղծ էր, ոչ շուկայական»:

Ավելի ուշ՝ 2018թ. Վարդանյանը ևս 10 միլիոն դոլար է ներդրել «Լուչիանոյի» կանոնադրական կապիտալում՝ ընդ որում ընկերությունում իր բաժնեմասը չավելացնելով: Ընդհանուր առմամբ, ըստ հետաքննող թիմի՝ Վարդանյանը վճարել է 43,4 միլիոն դոլար, որից նա «դուրս է գրել» 38,4 միլիոն դոլար (մոտ 3 միլիարդ ռուբլի), ինչը «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» պնդմամբ  կաշառք է Թաթարստանի նախագահին, որի հետ ջերմ հարաբերություններ ունի և որի հովանու ներքո այդ հանրապետությունում բիզնես գործունեություն է ծավալում Վարդանյանը:

Հետաքննություն անցկացնող խմբի տվյալներով՝ այդ հյուրանոցային համալիրը և այնտեղ գործող ՍՊԱ կենտրոնը այլ բաների համար է նախատեսված. այն օգտագործվում է կաշառք տալու համար:

Այս հետաքննական նյութի հրապարակումից մի քանի ժամ անց Ռուբեն Վարդանյանը հերքել է իրեն հասցեագրված մեղադրանքները և նշել. «Դա լրիվ անհեթեթություն է, «Լուչիանոն» հսկայական և գործող համալիր է, ինչու՞ է դա կաշառք: Նույն նախագիծը ես արել եմ Դիլիջանում, Մոսկվայում եմ նույն բժշկական նախագիծն անում: Ի՞նչ չափանիշներով է դա կաշառք: Ինչի՞  համար: Ի՞նչ պետք է ես ստանամ դրա դիմաց: Եթե կաշառք եմ տվել, ապա դրա դիմաց պետք է ինչ-որ բան ստանամ ՝ հող, գործարաններ, պայմանագրեր»:

«Տեսանկյուն»-Նախկինում էլ Ռուբեն Վարդանյանի անունը մամուլում կապվել է կոռուպցիայի հետ։

Հրապարակվել է։ 10:07 10/09/2020