Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանագոտուց կաբելագործը դատարանում հաղթեց «ԱրմենՏելին»

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Սամվել Խոջյանը աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով «Արմենտել» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Ջեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ս. Խոջյանը 2006թ. նոյեմբերի 13-ից աշխատանքային պայմանագրով «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատել է որպես կաբելագործ: 2014թ. նոյեմբերի 14-ից  դարձել է ընկերության տեխնիկական բլոկի ֆիքսված կապի ցանցերի շահագործման վարչության Հյուսիսային տարածքային կենտրոնի ԳՄՑ ցանցի շահագործման «Տավուշ» ուղղությունում ավագ կաբելագործ-զոդող:  2009թ. դեկտեմբերի 25-ին «Պրոֆեսիոնալ եւ բարձր որակի աշխատանքների համար» ընկերության կողմից արժանացել է պատվոգրի: 2016թ. նոյեմբերի 11-ին թիվ 2937 Կ հրամանով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 129 հոդվածի 1-ին մասով եւ 115 հոդվածի 2-րդ մասի հիմնավորմամբ  լուծվել է Ս. Խոջյանի եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ առկա աշխատանքային պայմանագիրը: Ս. Խոջյանը հայցի մեջ աշխատանքից ազատելը եւ աշխատանքային պայմանագրի լուծումն անհիմն է  համարել հետեւյալ պատճառներով: Նրան աշխատանքից ազատել են պատճառաբանելով «աշխատանքի կազմակերպման պայմանների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատումը»: Իսկ թե ի՞նչ հաստիքներ կամ թվաքանակ են կրճատել, հրամանի մեջ այդ հիմքը բացակայում է: Ս Խոջյանը  հայցադիմումի մեջ նշել է, որ այդ կերպ օրենքը կիրառելու ժամանակ տեղի է ունեցել կամայականություն, ինքնիրավչությու,ընկերությունը պարտավոր էր մեկ հաստիքը կրճատելուց հետո մնացած մեկ հաստիքը բաշխել Ս. Խոջյանի եւ մյուս աշխատողի միջեւ, եթե Ս. Խոջյանին այլ աշխատանք չէր կարող առաջարկել։ Երեւան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Ջեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա Ստեփանյանը 2018թ նոյեմբերի 30-ին  վճռել է Սամվել Խոջյանի հայցն ընդդեմ «Վեոն Արմենիա » ՓԲԸ-ի՝ աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին, մերժել։ Ս Խոջյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Նավասարդյան  այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել;  2019թ ապրիլի 30-ին քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը ՝դատավոր Տ Նազարյանի նախագահությամբ,  որոշել է  Ս Խոջյանի բողոքը բավարարել  մասնակիորեն, Երեւան  քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Ջեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  վճիռը բեկանել եւ փոփոխել Ս Խոջյանի հայցն ընդդեմ , «Վեոն Արմենիա » ՓԲԸ-ի բավարարել, անվավեր ճանաչել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 2016թ. նոյեմբերի 11-ին թիվ 2937 Կ հրամանը, պարտավորեցնել «Վեոն Արմենիա » ՓԲԸ-ին  Սամվել Խոջյանին վճարել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 2016թ նոյեմբերի 11-ից  մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը  եւ աշխատանքում չվերականգնելու  դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասնապատիկի չափով, «Վեոն Արմենիա » ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 28 հազար դրամ։   «Վեոն Արմենիա » ՓԲԸ-ի ներկայացուցիչն  այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ 2019թ սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշել է  «Վեոն Արմենիա » ՓԲԸ-ի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել, այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։

 

Հրապարակվել է։ 08:28 07/12/2019