Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Շարունակում են ապօրինի անտառհատումներով զբաղվել


2018թ հունվարի 9-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր  ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարությունը: Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում` ասելով, որ  չի խոշտանգել Ժորա Սիմոնյանին, քրեական գործը սարքել են, քանի որ ինքը պայքարել է ապօրինի անտառհատումների դեմ, որով զբաղվել են նաեւ քրեական գործով տուժող, Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ  Ժորա Սիմոնյանը եւ վերջինիս հայրը` Գարսիկը: 2019թ․ փետրվարի 6-ի նիստում  Գ․ Մարդանյանի  պաշտպան  Ռոբերտ Ալիխանյանը  հայտարարեց, որ  Գ․ Մարդանյանի   գործողությունները եղել են օրինական, բխել են իր պարտականություններից,օրենքի պահանջներից,նպատակ են հետապնդել՝ հայտարարված ծառահատման դեմ պայքարի շրջանակներում հայտնաբերել անտառախախտներին, Մարդանյանը կարող էր մեղադրյալի  աթոռին նստած չլիներ ,եթե շատերի նման նա էլ ընդառաջեր կամ զիջեր իրեն դիմած անձանց անօրինական խնդրանքին, կամ՝ տեղի տար նրանց սպառնալիքներին ,ընդուներ Սիմոնյանների  «ԳԱԶ-66»  մակնիշի ավտոմեքենան ու այդ ընտանիքի  տղաներին ոստիկանության բաժնից դուրս հանելու առաջարկը։  Այդ օրը դատավոր Զոյա Զաքինյանը  վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ քրեական գործով մեղադրող Վարդգես Սարգսյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ` խնդրելով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թփետրվարի 6-իդատվճիռը,  ԳՄարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ՝ նշանակելով համաչափ պատիժ։  Հունիսի 18-ին քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում այդ գործով դատական  հերթական նիստ է նշանակված։ Մինչ դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը  Գ․ Մարդանյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ են պահանջում, Գարսիկ Սիմոնյանի ընտանիքը շարունակում է ապօրինի  անտառհատումներով զբաղվել։ Ոստիկանության  Իջեւանի բաժնից տեղեկացա, որ հունիսի 11-ին  Իջեւանի բաժնի ոստիկաննեերը Այգեհովիտ գյուղում գտնվող  Գարսիկ Սիմոնյանի այգում հայտնաբերել են  մոտ 4 խորանարդ մետր ապօրինի  պատրաստված վառելափայտ, որի կապակցությամբ  վերջինիս պատկանող  «ԳԱԶ-66»  ավտոմեքենան տեղափոխվել  է ոստիկանության Իջեւանի բաժին։ Այդ կապակցությամբ ոստիկանության  բաժնում  նյութեր են նախապատրատվում։

Հրապարակվել է։ 08:47 18/06/2019