Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

2-րդ խմբի հաշմանդամը դատվում է 8 երեխաների մոր բռնաբարության փորձի համար

2-րդ խմբի հաշմանդամը դատվում է 8 երեխաների մոր բռնաբարության փորձի համար

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2017թ. նոյեմբերի 24-ից ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Երվանդ Ղազարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 10-ին հյուրընկալված լինելով Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող վագոն-տնակում, փորձել է տնակի տիրուհու կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն կնոջ որդին մտել է վագոն-տնակ, եւ տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի կապակցությամբ երկրորդ խմբի հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, հետո ազատ է արձակվել:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարության փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում:

Չամուսնացած Ե. Ղազարյանը Իջեւան քաղաքում աղբահանություն իրականացնող կոմունալ հիմնարկությունում որպես բանվոր է աշխատել, իսկ ներկայումս ամուսին չունեցող, տարբեր ամուսնություններից 8 երեխաների մայր, 62-ամյա կինը նույն հիմնարկում՝ հավաքարար: Իջեւանի կոմունալ հիմնարկությունից տեղեկացանք, որ տղամարդն ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից, այժմ Երեւանում է աշխատում:

Սույն քրեական գործով դատաքննության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է 2018թ. հունվարի 10-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 21:00 29/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM