Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

3 հարց Նիկոլ Փաշինյանի իջեւանցի ընկերոջը

Վահե Ղալումյանը Իջեւան համայնքի ավագանու անդամ է: Նրան հարցրինք Նիկոլ Փաշինյանի համադասարանցի լինելու, Փաշինյանի անցած քաղաքական ճանապարհի , նրա կողմնակից լինելու մասին: Ղալումյանն ասաց. «Նիկոլի հետ եղբայրս է համադասարանցի, մենք հասակակիցներ ենք եւ մոտ ընկերներ: Այսօրվա նման հիշում եմ նրա բուհ ընդունվելը ու լրագրողական գործունեության սկիզբը՝ իննսունականների կեսերին: Նիկոլի մասին սկսեցին խոսել, նրա նյութերը կարդացողների եւ նրա գործունեությանը հետեւողների թիվը գնալով մեծանում էր: Մենք հաճախ էինք խոսում իր գործունեության մասին, եւ երբ պատմեց թերթ ստեղծելու իր որոշման մասին, ես պարզապես շշմեցի: Բայց որոշումը կայացված էր՝ «Օրագիրը» ծնվեց ու դժվար, բայց հաստատակամ քայլում էր առաջ: Քաղաքականության մեջ առաջին քայլը «Այլընտրանքն» էր, «Իմպիչմենտ» դաշինքը, այնուհետեւ՝ 2008-ի նախագահական ընտրությունները, ընդհատակ, բանտ ու այդպես շարունակ: Նիկոլի հաջողություններն ինձ ոգեւորեցին, 2005թ. որոշեցի առաջադրվել Իջեւան քաղաքի ավագանու անդամ: Ընկերոջս «դաբրոն» ամենակարեւորն էր, Իջեւանի գրանցում ուներ, ընտրություններին էլ եկավ: Ընտրվեցի ու գործընկերներիս հետ սկսեցի ավագանու ըմբոստության մի մեծ պատմություն: Միշտ հետեւել ու հնարավորինս մասնակցել եմ այն քաղաքական գործընթացներին, որոնց Նիկոլը մասնակից է եղել: Վերջին քաղաքական գործընթացներին օր առաջ մասնակից դարձա ու նվիրվեցի: Շարժումը հասավ Իջեւան, մի քանի հազարանոց երթերն ու հանրահավաքները մեր ժողովրդի դիրքորոշումն արտահայտեցին»: Հարցրինք, թե համաժողովրդական շարժման արդյունքում Հայաստանում եւ մասնավորապես Տավուշի մարզում ի՞նչ փոփոխություններ է ակնկալում: Նա հայտնեց. «Փոփոխությունները ու դրանց արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: ՀՀ քաղաքացին այլեւս չի հանդուրժի անարդարությունը, ընտրակաշառքը, կոռուպցիան, մենաշնորհն ու կլանային երեւույթները: Տավուշում ժողովուրդը ուրախ է ու որոշակիորեն հպարտ, որ Նիկոլը մեր համերկրացին է» : Վ. Ղալումյանին հարցրինք՝ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է: Նա ասաց՝ չէ, նման բան երբեք չենք քննարկել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը Վահե Ղալումյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 15:00 15/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia