ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

62-ամյա կնոջ բռնաբարության փորձի համար 34-ամյա տղամարդը պայմանական ազատազրկվեց

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2017թ. նոյեմբերի 24-ից ընթանում էր Իջեւան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Երվանդ Ղազարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 10-ին հյուրընկալված լինելով Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող վագոն-տնակում, փորձել է տնակի տիրուհու կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն կնոջ որդին մտել է վագոն-տնակ, եւ տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի կապակցությամբ երրորդ խմբի հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, հետո ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարության փորձը»): Չամուսնացած Ե. Ղազարյանը Իջեւան քաղաքում աղբահանություն իրականացնող կոմունալ հիմնարկությունում որպես բանվոր է աշխատել, այժմ չի աշխատում: Ներկայումս ամուսին չունեցող, 62-ամյա կինը նույն հիմնարկում աշխատում է որպես հավաքարար: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ե. Ղազարյանը չի ընդունել իր մեղքը: Տուժած կինը դատարանում ցուցմունք է տվել, որ 2017թ. մայիսի 10-ի ժամը 18-ի սահմաններում Իջեւանի կենտրոնական շուկայի մոտ ինքը հանդիպել է Երվանդին, միասին օղի են օգտագործել, որից հետո նա իրեն ուղեկցել է իրենց տուն: Երբ հասել են վագոն-տնակի մոտ, Ե. Ղազարյանը իր հետեւից մտել է տնակ եւ խնդրել իրեն սուրճ տալ: Երբ ինքը ցանկացել է հյուրասենյակից դուրս գալ, Երվանդն անակնկալ ձեւով իր մազերից քաշել է, գցել գետին, նստել իր վրա, սկսել է հայհոյել եւ պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ,ինքը հրաժարվել է, պահանջել է՝ իրեն հանգիստ թողնի եւ հեռանա, սակայն նա ուշադրություն չդարձնելով, հարվածել է իր ոտքերին, գլխին, քաշել է հագուստը, որ հանի: Ե. Ղազարյանը սկսել է տան իրերը շպրտել իր վրա, վնասել դրանք,շուրջ 3 ժամ տանը գտնվելու ընթացքում նա փորձել է իրեն բռնաբարել, պաշտպանվելու ընթացքում ինքը նույնիսկ նրա ձեռքերն է կծել, այդ ընթացքում Երվանդը պատռել է իր հագին եղած կիսաշրջազգեստը եւ զուգագուլպան: Ժամը 22.00-ից 23.00-ի սահմաններում, երբ ինքը ընկած է եղել հատակին, լսել է շան հաչոց, օգնություն է կանչել: Տնակ է մտել իր որդին, ում ասել է, որ Ե. Ղազարյանը փորձել է իրեն բռնաբարել, որդին հարվածել է Երվանդին, որից հետո վերջինս փախել է: Վկա Ս. Մկրտումյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը Իջեւանի քաղաքային շուկայում զբաղվում է գյուղմթերքների վաճառքով, 2017թ. մայիսի 10-ի երեկոյան սովորականի պես ինքը շուկայում է եղել,ժամը 18-ի սահմաններում տեսել է ,որ սույն քրեական գործով տուժած կինը հարբած վիճակում Իջեւանի շուկայի հետնամասում ընկած է: Վկա, տաքսու վարորդ Է. Օթարյանը ցուցմունք է տվել, որ իր անձնական ավտոմեքենան վարում է որպես տաքսի, 2017թ. մայիսի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում իր մեքենան կայանել է Հայփոստի Իջեւանի մասնաճյուղի շենքի մոտ, իրեն է մոտեցել Երվանդը, որը ձախ ձեռքի հետ խնդիր ունի, եւ ասել, որ Իջեւանի շուկայի հետնամասում «վեշ» ունի,առաջարկել է այն տանել: Ինքը համաձայնել է , մտածելով, որ Երվանդը շուկայում առեւտուր է արել, ցանկանում է այն տեղափոխել, երբ գնացել է շուկայի հետնամաս, տեսել է, որ «վեշը» կին է, ով հարբած վիճակում էր: Երվանդը եւ շուկայում առեւտուր անող մի կին հարբածին մի կերպ տեղափոխել են իր մեքենան, շարժվել են դեպի Մետաղագործների փողոց, երբ հասել են վագոն-տնակի մոտ, Երվանդը հարբած կնոջը մի կերպ իջեցրել է, նրան տարել վագոն-տնակ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ ամբուլատոր դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն Ե. Ղազարյանը տառապում է մանկական հասակում կրած նեյրոինֆեկցիայի կայուն մնացորդային երեւույթներ, ձախ վերջույթի մոնոպարեզ, մտավոր զարգացման հապաղումով, նա համարվում է մեղսունակ: 2018թ. հուլիսի 7-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Երվանդ Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու 3 օրը եւ նրան վերջնականապես դատապարտել 2 տարի, 11 ամիս, 27 օր ժամկետով ազատազրկման,ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում Ե. Ղազարյանի վարքի հսկողությունն իրականացնելու է ՀՀ Պրոբացիայի պետական ծառայությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 25/06/2018