Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աչաջրի ծննդատունը փակում են, բնակիչները դժգոհ են

Աչաջրի առողջության կենտրոնի աշխատակիցները հունվարի 11-ի երեկոյան  Հայաստանի հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումից են տեղեկացել,որ  այս տարի  դադարեցվել  է իրենց ծննդատան պետական ֆինանսավորումը, այսինքն՝ ծննդատունը փակվելու է։   300 աչաջրեցիների  գրավոր պահանջով կայացել է համայնքի ավագանու արտահերթ նիստ,որը որոշում է ընդունել  Աչաջրում կայացած հանրային քննարկման եզրակացությունը  ներկայացնել  ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին, Տավուշի մարզպետին։  Ծնննդատան փակվելը առողջապահության նախարարությունը պատճառաբանում է  ծննդօգնության բարելավման  նպատակով արվող կենտրոնացումով։ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը հայտնեց, որ իրենք մասնագետների պակաս չունեն, միայն անզգայացնող բժիշկ  չունեն։  Նա ասաց, որ ծննդատան փակվելու դեպքում  Աչաջրի առողջության կենտրոնի 27 աշխատակիցներից 10-ը կզրկվեն աշխատանքից, այդ դեպքում  ինքն  էլ  կազատվի աշխատանքից, քանզի իմաստ չի տեսնում միայն տնօրեն աշխատելու, ինքը գործող բժիշկ է։ Կ․ Վարդապետյանը հայտնեց, որ ինքը չի խառնվում    ընդդեմ  ծննդատան փակման  բնակիչների բողոքի գործողություններին։ Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչանը հայտնեց, որ հունվարի 13-ին, կեսօրին  խնդրի քննարկում է  նախատեսված  Տավուշի մարզպետարանում, հիմնահարցի քննարկմանը կմասնակցեն Տավուշի մարզպետը, Աչաջուր, Դիտավան, Ակնաղբյուր եւ այլ  համայնքների ղեկավարներ, Աչաջրի առղջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը։ 

Հրապարակվել է։ 07:24 13/01/2020