Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտների համար դպրոցի երկար, ոտքով ճամփան

Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ եւ Կիրանց գյուղերից շուրջ 20 դպրոցահասակ երեխա ամեն առավոտ ուսումնառության համար մեկնում է Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Սեւքարի միջնակարգ դպրոցներ: Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, որն Աճարկուտ-Իջեւան եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումներ է իրականացնում, շուրջ 20 տարի բարեգործական հիմունքներով անվճար փոխադրել է այդ աշակերտներին, այդ բարեգործական միկրոավտոբուսի շարժիչի hամար գործարար Միքայել Վարդանյանը 2017 թվականին գումար է նվիրաբերել: Աճարկուտ գյուղի 10, 11 եւ 12-րդ դասարանցի երեխաները  առավոտյան, ժամը 8-ին նստում են  Հովիկ Ալավերդյանի երթուղային միկրոավտոբուսը, որը շարժվում է դեպի հարեւան Կիրանց գյուղ, այնտեղ էլ բարձր դասարանցիները բարձրանում են միկրոավտոբուս, որը շարժվում է դեպի Իջեւան քաղաք: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցները հիմնական են, այդ գյուղերի ավագ դասարանցիները իրենց ուսումը շարունակում են Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի միջնակարգ դպրոցներում: Աճարկուտի բնակիչ Սասուն Մելիքյանի 10-րդ դասարանցի աղջիկն ամեն առավոտ մեկնում է Ներքին Ծաղկավան: Սասունն ասաց, որ Հ. Ալավերդյանի միկրոավտոբուսը 16 տեղանոց է, Աճարկուտից եւ Կիրանցից 26 աշակերտ է մեկնում Ն. Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներ: Այն օրերին, երբ երթուղային միկրոավտուբոսում լինում են այլ ուղեւորներ, աշակերտները ստիպված են լինում մի քանի հոգով կծկվել մի նստատեղին: Նա հայտնեց, որ երբ Կիրանց գյուղից շատ ուղեւորներ են լինում , տղա աշակերտները ստիպված իջնում են միկրոավտոբուսից,Կիրանցից ոտքով ճանապարհ ընկնում դեպի մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ն. Ծաղկավան եւ Սարիգյուղ: Միջպետական ավտոճանապարհով մի քանի կիլոմետր քայլերիս երեխաները ենթարկվում են երթեւեկող ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելու վտանգին: Ձմռանը օրեր են լինում, երբ առավոտյան ժամը 8-ին ճանապարհը սառցակալած է, ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները դեռեւս ասֆալտի ծածկույթը սառույցից մաքրած չեն լինում, այդ պատճառով Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին տեղափոխող միկրոավտբուսը  ուղերթ չի կատարում, աշակերտները հարեւան գյուղերի դպրոցներ դասերի չեն մեկնում: Մեկ այլ խնդիր է աշակերտների ուղեվարձը: Հովիկ Ալավերդյանը Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին անվճար է տեղափոխում հարեւան գյուղեր: Նա այդ պատճառով այլ ուղեւորներ է կորցնում, վնասներ կրում: Տավուշի մարզում գործում է այլ համայնքներ ուսման մեկնող աշակերտներին պետական բյուջեից տրանսպորտային ծախսի փոխհատուցման գումարների վճարման պրակտիկա: Օրինակ ,Դեղձավան գյուղից Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր Ներքին Գոշից Գոշ, Ներքին Հովքից Հովք ուսումնառության մեկնող աշակերտներին պետբյուջեից օրական վճարվում է 100-ական դրամ: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցականներին երբեւէ նման գումարներ չեն տրվել: Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն այդ հարցով դիմել է Տավուշի մարզպետարան, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 19:00 31/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia