Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական գերության մեջ հայտնված բերդավանցին որպես հոգեկան հիվանդ հաշվառված է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Հուլիսի 15-ի առավոտյան ժամերին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն- հետախուզական խումբը Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է սահմանին ոտնձգություն կատարել, այդ փորձը կանխվել է, հակառակորդը հարկադրված է եղել նահանջել, գերի է վերցվել ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը»: ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել. «ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»։ Բերդավան գյուղից տեղեկացանք, որ 34-ամյա Կ. Ղազարյանը ամուսնացած չէ, չէր աշխատում, հոգեկան խնդիրներ ունի, դեղեր է ընդունել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Նաիրա Քառյանը հայտնեց, որ Կարեն Ղազարյանը Նոյեմբերյանի ԲԿ-ի հոգեբույժի դիսպանսեր կաբինետում որպես հոգեկան հիվանդ հաշվառված է: Կարեն Ղազարյանը բնակվում էր սահմանամերձ Բերդավանում, իր ծնողների հետ, մայրը Բերդավանի դպրոցում ուսուցչուհի է: Ծնողներն ասում են, որ նա հուլիսի լույս 15-ի գիշերը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում նա արթնացել է, ջուր խմել, հետո նրան չեն տեսել: Նախկինում էլ Ադրբեջանի ՊՆ-ն այդ երկրի տարածքում հայտնված, Տավուշի սահմանագոտու հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչներին ներկայացրել է որպես հետախույզ-դիվերսանտներ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Կարեն Ղազարյանի լուսանկարը` ադրբեջանական լրատվամիջոցներից:

Հրապարակվել է։ 10:00 15/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia