Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

ԱՊՊԱ իրականացնող ընկերությունների աշխատակիցները, ի նշան բողոքի, փակել էին մաքսակետի ճանապարհը (ֆոտոշարք)

Այսօր` հունվարի 8-ին, ժամը 11-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել էին ավտոմեքենաների ապահովագրություն կատարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատողներ: Նրանք դժգոհում էին, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն է կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում 7 տարի գործող ապահովագրական 6 ընկերությունների շուրջ 70 աշխատողներն, անհավասար մրցակցության պատճառով, անգործ են մնացել: Մաքսակետի մուտքի մոտ նրանց մոտեցավ սահմանապահ ծառայության աշխատակիցը, որը կապ հաստատեց մաքսակետի պետի տեղակալ Տիգրան Մնացականյանի հետ: Վերջինս ԱՊՊԱ-ի աշխատողների ներկայացուցիչներին հրավիրեց մաքսակետի տարածք, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրը: Ապահովագրական 6 ընկերությունների մեկական ներկայացուցիչ եւ տողերիս հեղինակը մտան մաքսակետի տարածք, ուր հանդիպում կայացավ Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Տիգրան Մնացականյանի, ՀՀ Սահմանապահ ծառայության Բագրատաշենի սահմանային անցակետի պետ Արման Մարալչյանի, նույն ծառայության Բագրատաշենի սահմանային անցակետի սահմանային վերահսկողության բաժնի պետ Գեւորգ Ղազարյանի հետ: Նրանք հայտնեցին, որ Բագրատաշենի մաքսակետի պետը ներկայումս գտնվում է արձակուրդի մեջ: ԱՊՊԱ-ի աշխատողները ներկայացրին իրենց խնդիրը, որ անհավասար մրցակցության պատճառով իրենք անգործ են մնացել: Նրանց խոսքերով` պետական գույքի կառավարման վարչությունը մաքսակետի տարածքում որպես հանգստի սենյակ նախատեսված 11.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը աճուրդով, 10 տարով, ամսական 25 հազար դրամ վարձավճարով տրամադրել է «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին: Ավտոմեքենաների ապահովագրողների խոսքերով`այդ աճուրդի վերաբերյալ հայտարարությունը իրենք չեն տեսել, իրենց հայտնել են, որ այն ջնջվել է պետական գույքի կառավարման վարչության կայքից: Ապահովագրողների համար կասկածելի ցածր է մաքսակետի նշված տարածքի վարձակալության ամսական 25 հազար դրամ վճարը, երբ մաքսակետից դուրս տարածքի համար ավտոմեքենաների ապահովագրողներից ոմանք ամսական 150 հազար դրամ են վճարել այդ հողի սեփականատիրոջը: Ապահովագրողները հայտնեցին,որ մաքսակետի նշված, կառուցապատված տարածքի վարձակալության աճուրդին միայն «Թոփ-Սփինն» է մասնակցել, Վանաձորում գրանցված այդ ՍՊԸ-ի տնօրենը «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավարի կինն է: Ավտոապահովագրողները նշեցին, որ մաքսակետի տարածքում գործող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն օգտվում է մենաշնորհից, իսկ ավտոապահովագրողները, ովքեր հիմնականում Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի բնակիչներ են, պարապուրդի են մատնվել: Նրանք նշեցին, որ անցյալ տարվա նոյեմբերի կեսին իրենք ընդառաջեցին իշխանությունների այն խնդրանքին, որ մաքսակետի մուտքի մոտ գտնվող, ապահովագրական գրասենյակ հանդիսացող վագոն-տնակները մաքսակետի տեսքը խաթարում են, եւ վագոն-տնակները հեռացրին տարածքից: ԱՊՊԱ-ի աշխատողները հիշեցրին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանին, որ Բագրատաշենի մաքսակետի տարածքում ԱՊՊԱ-ների գործունեությունը պետք է լինի թափանցիկ, եւ ավտոմեքենաների տերերը իրենց մեքենաներն ապահովագրելիս այլընտրանք պետք է ունենան: Նրանք հայտնեցին, որ մաքսային տարածքում «Թոփ-Սփինի» գործունեությունը նման այլընտրանքը բացառում է: ԱՊՊԱ-ի բողոքող աշխատողները պահանջում էին, որ իրենց հանդիպեն այն պաշտոնատարները, ովքեր ձեռնարկել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին մաքսակետի տարածքում գրասենյակ տրամադրելու գործը: Մաքսակետի պետի տեղակալ Տիգրան Մնացականյանը հեռախոսազանգ ունեցավ իր վերադասի հետ: Որոշ ժամանակ անց նա հայտնեց, որ ավտոապահովագրողները իրենց հուզող հարցի վերաբերյալ կարող են գրավոր կամ բանավոր դիմել ՊԵԿ կամ պետական այլ մարմին: Հանդիպման նման արդյունքից դժգոհ ավտոապահովագրողները , որպես բողոքի գործողություն, ժամը 12.20-ից, մոտ 20 րոպե տեւողությամբ, փակեցին մաքսակետ տանող ավտոճանապարհը: Մաքսակետի մուտքի մոտ ավտոմեքենաների երկար հերթ գոյացավ: Ավտոապահովագրողները իրենց գործողությունը`ճանապարհ փակելը, համարեցին նախազգուշական: Նրանք հայտնեցին,որ խնդիրը չլուծվելու դեպքում, որոշակի գործողություններ կատարելու համար, իրենք առաջիկայում ավելի մեծ թվաքանակով կհավաքվեն:

Հրապարակվել է։ 16:00 08/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM