+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

aravot.am Մարզպետը դիլիջանցի երիտասարդներին կոչ արեց չզլանալ, դուրս գալ եւ աշխատել


«Անտառահատումների հարցը գրեթե ամբողջապես լուծվել է: Ապօրինի անտառահատման ցուցանիշները գրեթե զրոյի մոտ են: Մենք կարող ենք արձանագրել միանշանակ, որ 99 տոկոսով մենք այդ խնդիրը լուծել ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ հավելեց,- «Այն փոքր դեպքերը, որոնք տեղի են ունենում, ունեն պատճառներ: Դրանք մի կողմից կազմակերպչական եւ կառավարչական են, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, մյուս կողմից ցանկացած հանցագործություն բնավորություն ունի չավարտվելու, միշտ կարող է շարունակվել, բայց կարեւորն այն է, որ լինեն համապատասխան վերահսկողական մեխանիզմները՝ դրա դեմ առնելու: Մենք կարող ենք արձանագրել, որ այլեւս Տավուշի անտառներում մասսայական անտառահատում չկա, անօրինական անտառահատումներն էլ, եթե լինում են, հատուկենտ դեպքեր են, որոնք գրեթե ամբողջությամբ հայտնաբերվում են»: Համավարակի պայմաններում ներգնա տուրիզմն աճել է: Մարզպետն ասաց, որ այս տարի Դիլիջանի եւ առհասարակ Տավուշի նկատմամբ կրկնակի մեծ է եղել ուշադրությունը. «Հատկապես շաբաթ-կիրակի օրերին ուղղակի ծանրաբեռնված է եղել Տավուշը ամբողջ համավարակի ընթացքում: Բարեբախտաբար, մենք կարողացել ենք խուսափել համավարակային խոշոր պայթյուններից, օրական մեր թվերը փոքր են եղել ու ուրախ ենք, որ մեր ձեռնարկատերերը, զբոսաշրջային ոլորտի կազմակերպիչները կարողացել են ոչ միայն գոյատեւել համավարակի ընթացքում, այլեւ շահել»: Ուշագրավ է, որ Դիլիջանում, եթե մի նախաձեռնություն են իրականացնում, դժվարությամբ են աշխատող գտնում: Մարզպետին հարցրեցինք՝ գործազրկության մակարդակն այդքան ցա՞ծր է, թե՞ չեն ուզում աշխատել: Նա պատասխանեց. «Ցավոք, մենք իսկապես ունենք աշխատանքային ներուժի խնդիր: Խոսքը վերաբերում է ոչ միայն մասնագիտական ներուժին, որը ոչ միայն հայաստանյան խնդիր է, այլեւ խնդիր է ամբողջ աշխարհում, այստեղ խոսքը վերաբերում է նույնիսկ ամենապարզ աշխատանքին: Շատ դժվար է ներգրավել մարդկանց: Այսօր ես շրջել եմ Դիլիջանում իրականացվող շինարարական աշխատանքներով, մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ու այս թեման ծիրի պես ուղեկցել է ամբողջ ընթացքում»: Մարզպետը կոչ արեց քաղաքի բնակիչներին չզլանալ, տանից դուրս գալ ու փորձել աշխատել, թեկուզ ամենահասարակ աշխատանքն անեն. «Ցանկացած կարիերա այդպես է լինում, միանգամից ոչ ոք չի գնում ամենաբարձր աշխատավարձով ամենաբարձր որակավորմամբ աշխատանքի: Ինչ-որ տեղից պետք է սկսել: Կոչ եմ անում հատկապես երիտասարդներին դուրս գալ եւ աշխատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Հրապարակվել է։ 11:41 31/08/2020