Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արճիսի խմելու ջրը հարցը կլուծվի, իսկ Լճկաձորի՞նը


 Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները խմելու ջրի սուր խնդիր ունեն։ Այս տարվա ձմռանը ձյուն ընդամենը մի անգամ է տեղացել, գարնանային անձրեւներն էլ  ջրային պաշարների ավելացման առումով  մեծ օգուտ չտվեցին, հիմա  տեւական ժամանակ  երաշտ է։ Շուրջ 1300 բնակիչ ունեցող  Արճիսը  սնուցող, գյուղից վերեւ գտնվող աղբյուրները գրեթե չորացել են։ Ստեփանավանի սարերից ձգվող,մինչեւ Վրաստանի սահման, Դեբեդավան գյուղ ձգվող  խմելու  ջրագիծը  ձգվում է Արճիսի ներքեւի հատվածով, սակայն այդ գյուղը  չի օգտվում  այդ   ջրագծից:  Արճիսի բնակիչները հուլիսի 1-ին առավոտյան  ավելի քան մեկ ժամ,  գյուղի ներքեւում փակել են միջպետական ավտոճանապարհը։ Նրանք այդ կերպ  իրենց բողոքն են արտահայտել գյուղում խմելու ջրի խնդրի կապակցությամբ։  Նույն օրը հիմնախնդրին ծանոթանալու համար  Իջեւան քաղաքից Արճիս է ժամանել Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը։ Նա խմելու ջրի  խնդրի վերաբերյալ զրուցել է գյուղի բնակիչների հետ։  Արճիս գյուղը  ընդգրկված է Այրում համայնքի կազմի մեջ։  Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ հուլիսի  3-ին  Արճիս են ժամանել  նախագծողներ , որոնք կազմելու են Ստեփանավանի ջրագծից  սնուցվելիք  խմելու ջրագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Աշխատանքները իրականացվելու են հրատապ ծրագրի շրջանակներում։ Ա Պարանյանը հայտնեց, որ ծրագիրը  կֆինանսավորվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Կկառուցվի պոմպակայան, որը Ստեփանավանի ջրագծի ջուրը  120 մետր  կմղի վերեւ, Արճիսի օրվա կարգավորիչ ջրամբար։ Ա․ Պարանյանն ասաց, որ ծրագրի արժեքը դեռ չի որոշվել, քանզի  Արճիսի խմելու ջրի  ներքին  ցանցը նորոգելու աշխատանքները ծրագրում ներառելու դեպքում ծրագրի արժեքն ավելի մեծ կլինի։  Արճիս գյուղի վերին հատվածը քարքարոտ է, խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը դժվար կլինի լեռնային  տեղանքի պատճառով։ Առաջիկայում կհայտարարվի Արճիսի խմելու ջրագծի կառուցման մրցույթ; Այրում համայնքի ղեկավարը  հայտնեց, որ այս տարի ծրագիրը կիրականացվի, եւ գյուղի խմելու ջրի հիմնախնդրը կլուծվի։ Խմելու ջրի հիմնահարցը սուր է նաեւ Արճիսի հարեւան Լճկաձոր գյուղում։  Մոտ 400 բնակիկչ ուեցող Լճկաձորի բնակիչները  օգտվում  են իրենց գյուղի հարակից աղբյուրներից, որոնք այժմ գրեթե ցամաքել են։ Լճկաձորի բնակիչներից ամոնք մտածում են որպես բաղոքի գործողություն, Արճիսի բնակիչների նման, միջպետական ավտոճանապարհը փակելու մասին, որպեսզի կառավարությունը լուծի խնդիրը։

Հրապարակվել է։ 08:13 05/07/2019