Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արճիսցիները փակել են միջպետական ավտոճանապարհը


Հուլիսի 1-ին առավոտյան ժամը 840-ից, ավելի քան մեկ ժամ,  Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները գյուղի ներքեւում փակել են միջպետական ավտոճանապարհը։ Նրանք այդ կերպ  իրենց բողոքն են արտահայտել գյուղում խմելու ջրի խնդրի կապակցությամբ։ Ստեփանավանի խմելու  ջրագիծը  ձգվում է Արճիսի ներքեւի հատվածով, սակայն Արճիսը չի օգտվում  այդ   ջրագծից։ Արճիսի բնակիչներն օգտվում  են սարերի ջրահավաք ավազանների ջրից, որը  ամռան տապի պատճառով խիստ նվազել է։ Գյուղում  2,5 տոննանոց ավտոցիստեռնի ջուրը վաճառվում է 7 հազար դրամով։ Այրում  համայնքի ղեռկավար Արայիկ  Պարանյանը եղել է ակցիայի իրականացման վայրում, զրուցել արճիսցիների հետ։ Ա Պարանյանը հայտնեց, որ Արճիսը Ստեփանավանի ջրագծին միացնելու ծրագիրը հրատապ իրականացվելիք  աշխատանքների ցանկում է, դրա համար հարկ կլինի գյուղի  ներքեւում պոմպ տեղադրել, որը ջուրը 120 մետր  կմղի վերեւ, Արճիսի օրվա կարգավորիչ ջրամբար։ Հարկ կլինի նաեւ գյուղի  խմելու ջրի ներքին ցանցը վերակառուցել։ Ա Պարանյանը հայտնեց, որ Արճիսի խմելու ջրի խնդրի լուծումը քննարկելու համար հուլիսի 1-ի երեկոյան Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան  պաշտոնյա կժամանի Արճիս։



Լուսանկարները՝ Սուսաննա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան  էջից

Հրապարակվել է։ 08:30 01/07/2019