Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Առավոտ» ․ Ուզբեկները գալիս են Տավուշ՝ բանվոր աշխատելու. Մարզպետը բարկացած է՝ լիքը աշխատանք կա՝ աշխատող չեն ճարում (տեսանյութ)

«Առավոտ» օրաթերթը գրել է«Ազատամուտցի Սուսաննա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մի երկու տարուց հետո Ազատամուտի տները լրիվ դատարկ են մնալու, ո՞ր մեկն իր երեխեքին սոված կբրախի, գոնե կգնա մի երկիր, որտեղ օրվա հացն է իր երեխեն ուտում»: Հարցին՝ որեւէ հեռանկար չե՞ք տեսնում Ազատամուտ համայնքում՝ բնակիչներից Լուսինե Սարուխանյանը պատասխանեց. «Եթե մի գործ լինի, աշխատատեղ լինի, մենք 40-50 տարի է՝ աստի ապրում ենք, մեր կյանքի շատ մասն այստեղ է անցկացվել, ուղղակի որ մի գործ լինի, մեր ջահելներն աշխատեն, մենք էլ ապրենք: Մի գործարան, մի բան լինի, լրիվ ջահել հարսնիք են: Որպես բնակավայր, տեղանք մենք գոհ ենք, էն տարիներին ամենաընտիր տեղն էր՝ մաքուր, սիրուն: Մենք չենք ուզում ոչ մի տեղ գնանք: Մենք գիտենք, որ էստեղ մեր երեխեն ապահով է ուրիշ երկրում չես կարող երեխուդ անգամ շենքի դռանը բրախես խաղալու: Մեր կյանքը մենակ էստեղ ենք պատկերացնում, բայց խղճում ենք մեր ջահելներին»: 

Սուսաննա Պետրոսյանը դժգոհեց՝ «Ես 67 տարեկան կին եմ, գնում եմ անտառ, որ 2 կիլո հոն քաղեմ բերեմ, ծախեմ, ինչ-որ բանով իմ ընտանիքին օգնեմ: Իմ հարսը չի կարա գնա, ջահելները սաղ հիվանդ են: Էսօր հաց կա, վաղը ձեթը չկա, պարտքով առեւտուր անելով՝ ապրում ենք: Հիմա Ազատամուտում սկի ջահելի համար գործ չկա, ուր մնաց մեզ լինի: Որ մի տեղ լինի, մեր ջահելը աշխատի, մենք էլ նրանցով կապրենք»: Ժենյա Բաղյանն էլ հավելեց. «Մեկը ես 33 հազար դրամ թոշակ եմ ստանում, 11-ը տալիս եմ դեղատանը, դեղորայք եմ առնում, մնացածը տալիս եմ խանութին, ուտելու բան եմ առնում, տակը ոչ թե բան չի մնում, նույնիսկ մի լումա չի մնում: Մի անտառից էինք օգտվում, էդ էլ վրեքներս կտրեցին»: Հարցին՝ հեղափոխությունից հետո փոփոխություն չկա՞՝ Լուսինե Սարուխանյանը պատասխանեց. «Մի տարվա մեջ ի՞նչ պիտի լինի: Որ 30 տարի ապրել ենք, ոչ մի բան, ոչ մի արդյունք չենք տեսել, հիմա թոշակները գոնե բարձրացավ: Ես 18 հազար դրամ էի ստանում, հիմա ստանում եմ 25 հազար 500 դրամ: 2000 դրամն էլ որ ավելացնում է ինքը, դա ինձ համար մեծ բան է, մեծ փոփոխություն է: Ես կարում եմ հիմա իմ կոմունալ վարձերը տամ, մնացածով էլ դեղերս առնեմ, ինսուլին եմ ստանում, շաքարով հիվանդ եմ, երկրորդ կարգի հաշմանդամ: Ես աշխատանքի ի վիճակի էլ չեմ: Փաշինյանը դատարկ բյուջեի մեջ ի՞նչ տի աներ: Ինչ էլ արել է՝ էլի մալադեց իրան: Մենք ուղղակի իրեն խնդրում ենք ուղղակի՝ մեր ջահելներին մի գործով ապահովի»: Թե կոնկրետ ինչպիսի՞ աշխատատեղերի կարիք կա՝ ազատամուտցիներն ասացին՝ համայնքում մենակ մի քանի խանութ կա, որտեղ գործ կա, մի քանի խանութում ո՞ր մեկն աշխատի. «Մի նորմալ խանութ չսարքեցին, գործարան, կարի, դերձակի տեղ»:  Նախկինում, երբ «Բենտոնիտ» գործարանը ողջ ներուժով գործում էր, համայնքում աշխատատեղի կարիք էլ չկար, հիմա զբաղվածություն չունենալով՝ մարդիկ թողնում, գնում են: Հիմա ընդամենը 30-40 հոգի է «Բենտոնիտ» գործարանում աշխատում: Բնակիչներ կան, որոնք անասնապահությամբ զբաղվում են, նրանք քիչ են: Այս պահին 220 խոշոր եղջերավոր կենդանիներ են գրանցված ողջ համայնքում: 


Համայնքապետի՝ Վահագն Ալավերդյանի դիտարկմամբ՝ «Քանի որ համայնքը պայմաններ չունի, հարեւան համայնքների հողային տարածքներում են վարձակալել: Մեզ համար լրացուցիչ խնդիրներ են, որ անգամ նրանք, ովքեր ուզում են այգեգործությամբ կամ ֆերմերային տնտեսությամբ զբաղվել, համայնքում իրենց համար պայմաններ չկան»: Խոշոր ներդրողներին Ազատամուտը չի գրավում, սահմանին շատ մոտ է, ռիսկային է: Սահմանից հեռավորությունը 2 կմ է: Գյուղապետն ասաց, որ Ազատամուտում արտադրություն կարող են կազմակերպել: Շրջափակման արդյունքում այս համայնքի արտադրությունները փակվել են. «Պատկերացրեք, համայնքին կից 1500 աշխատատեղ կար, հիմա չկա»: Վահագն Ալավերդյանը երկու ամիս է, ինչ Ազատամուտ համայնքի ղեկավարն է, մինչ այդ 6 ամիս ժամանակավոր պաշտոնակատար է եղել: Նա ցույցերի միջոցով է եկել պաշտոնի, մինչ այդ ավագանու անդամ է եղել: Ալավերդյանի խոսքով՝ «Բազմաթիվ անգամ առարկայական, համայնքի խնդիրները լուծող առաջարկներ ենք արել, համայնքի ղեկավարը չէր ուզում լսել: Օրինակ, անվճար ուսանողական տրանսպորտը, մենք անգամ լուծումներ էինք առաջարկում, թե տրանսպորտը որտեղից պիտի լինի, վարորդի աշխատավարձը՝ որտեղից , վառելիքը որտեղից պիտի լինի: Այդ ամեն ինչը ներկայացնում էինք, ասում էինք, թե որտեղից ինչ խնայողություններ կարող էր անել: Հիմա մենք այդ խնայողությունների հաշվին է, որ բազմաթիվ աշխատանքներ ենք կարողանում կատարել: Այս կարճ ժամանակահատվածում, օրինակ, մանկական խաղահրապարակ ենք հիմնել, մանկապարտեզը 4 տարի էր՝ չէր աշխատում, բացվել է, մշակույթի պալատի տանիքը կաթում էր, 1.3 մլն-ի ներդրում ենք արել, էդ խնդիրը լուծել ենք, երաժշտական դպրոցն ենք վերանորոգել: Գումարները վերցրել ենք տարբեր աղբյուրներից՝ հովանավորներ, անհատներ, ՀԿ-ներ, համայնքի բյուջե, համայնքի բնակիչների ռեսուրս: Հիմնականում աշխատուժին գումար չենք տալիս, համայնքի բնակիչների եւ համայնքապետարանի աշխատակազմի միջոցով է արվում: Այս պահին արդեն պայմանագիրը կապել ենք, 7 օրից կսկսենք 2 բազմաբնակարան շենքի տանիք վերանորոգել, որն ընդհանուր 15 մլն դրամ է: Նախկին համայնքապետարանի շենքը սեփականաշնորհվել էր 90-ականներին, հետ ենք գնել 12 մլն դրամով, վերանորոգումը կսկսենք, գրադարան ենք վերանորոգել: Պայմանագիր ենք կնքել, առաջիկայում մինի ֆուտբոլի դաշտ կհիմնենք՝ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով: Այսինքն, մենք հնարավոր եւ անհնարին բոլոր աղբյուրներին դիմում ենք, որ մեզ աջակցեն: Աշխատանքը տեսնելով՝ վստահության արդյունքում բոլորը պատրաստ են»: Համայնքապետն ասաց, որ մտադիր են համայնքում փակ շուկա ստեղծել ու համայնքի բնակիչներին վարձակալությամբ տրամադրել, ինչը կավելացնի համայնքի բյուջեն մոտ 4 մլն դրամով: Ազատամուտի համայնքապետն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ համայնքում ներդրումների ծավալը 100 մլն դրամն անցնում է: Եթե այսպես հաջողվի ամեն տարի բյուջեն 20 տոկոս ավելացնել, համայնքը զարգացման կգնա. «Ազատամուտում չկա մսի խանութ, չկա դեղատուն, չկա նորմալ ծաղկի խանութ, չկա գրենական պիտույքների խանութ: Ազատամուտցին իր գումարը ծախսում է այլ համայնքներում: Ես մտածում եմ, որ այստեղ կարող ենք պայմաններ ստեղծել եւ դրա արդյունքում սպասարկման ոլորտում ե՛ւ աշխատատեղ կստեղծվի, ե՛ւ արդյունավետ սպասարկում: Հետո կմտածենք, թե ինչ կարող ենք արտադրել, որը ճիշտ բրենդինգի արդյունքում կարող ենք շուկա հանել»: Հարցին՝ Ազատամուտում իսկապե՞ս աշխատանք չկա, թե՞ չե՞ն ուզում աշխատել՝ համայնքապետը պատասխանեց. «Ազատամուտի բնակիչները գիտակցում են, որ, օրինակ, փայտածուխի ծուխը վնասում է իր ընտանիքին, բայց ինքը այլ եկամտի միջոց չուներ, աղբյուր չուներ, գնում էր աշխատում էր: Մենք պիտի ուսումնասիրենք, թե այդ մարդիկ էլ ինչո՞վ կարող են զբաղվել՝ որպես հիմնական զբաղմունք, ոչ թե կարճաժամկետ»: 

կարծիքի է՝ մարզում աշխատանքը «թափած» է, աշխատող չկա: Նա վստահեցրեց, որ մարդիկ աշխատանքից հրաժարվում են, որ չզրկվեն ընտանեկան նպաստից, այսինքն, նախընտրում են նպաստ ստանալ, բայց չաշխատել. «Մարդիկ սովոր չեն աշխատել: Ձեզ համար կարող է տարօրինակ թվալ, որովհետեւ դուք աշխատանքի պրոցեսի մեջ եք, առավոտից իրիկուն, արտաժամյա եք նույնիսկ աշխատում, արդյունք եք տալիս, այդ արդյունքի հիման վրա ձեր գործատուն կարող է ձեզ պարգեւատրում տալ, դուք հարմարվել եք, գիտեք ինչ է նշանակում աշխատել: Հազարավոր մարդիկ կան, որ չգիտեն ինչ է դա: Իրենք ամբողջ կյանքում աշխատել են այն ժամանակ, այդ թվում՝ անօրինական աշխատանքները, երբ դրանք անռեժիմ են եղել: Մարդիկ սովոր չեն ամեն օր ժամը 8-ին գնալու, երեկոյան 6-ին գալու եւ 7-8 հազար դրամ ստանալու: Պետք է մարդկանց հասկացնենք, որ հանրային պատասխանատվության խնդիր կա, խնդիրը միայն քո ընտանիքը հացով ապահովելը չի, խնդիրը նաեւ քո ընտանիքի ապագան ապահովելն է նաեւ, որովհետեւ այսօրվա հացով ոչինչ չի որոշվում, դա սպառողական մոտեցում է: 300 հազար աշխատողը 600 հազար թոշակառու է պահում: Վերջապես նաեւ հարգանք պիտի լինի, ինչի՞ պիտի մենք մեր աշխատանքով մի հատված իրենց տանք ու մեկը իրեն արտոնյալ զգա ու չտա: Դա արտոնություն է, որ մարդուն տրվում է ՝ հարկ չվճարելով՝ օգտվի բոլոր այն իրավունքներից էս պետությունում, ինչպես օգտվում ենք մենք ու մեր երեխաները: Արդարությունը սրա՛ մասին է»: Մարզպետն ասաց, որ շուտով բրիկետների արտադրություն են ձեռնարկելու ու գյուղերում բրիկետների վառարաններ են ստեղծելու: Ինչ վերաբերում է կոնկրետ Ազատամուտ համայնքին, մարզպետն ասաց, որ արդեն մի գործարարի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, կարի արտադրություն են այնտեղ հիմնելու. «Գուցե ցածրարժեք աշխատատեղեր են, բայց մեծ քանակի աշխատողներով են ապահովելու: Ենթադրվում է, որ առաջին փուլում մինչեւ 100-150 հոգի աշխատանքով կապահովվի: Արդեն քոլեջներում թեթեւ արդյունաբերության մասնագիտություններ ենք դնում, որ երեխաները ավարտեն ու գնան արտադրական ձեռնարկություններում աշխատելու: Թեթեւ արդյունաբերությունը երբ զարգանա, մենք առավելություն ունենք, դա Եվրասիական շուկային մոտիկ լինելն է, բացի այդ, Գյումրիում մանրաթելերի գործարան է բացվել, հնարավոր է տեղական հումքն օգտագործել այդ գործարանում, ոչ թե ներկրել»: Հայկ Չոբանյանը դժգոհեց. «Այսօր մարզում հարյուրավոր մարդիկ ներգրաված են ճանապարհաշինական աշխատանքներում եւ նրանց ընդամենը 15 տոկոսն է տեղացի: Անցած օրը Նոյեմբերյանի հատվածում գործատուն ասում էր՝ 7000-10 000 դրամով ինքը աշխատանք է առաջարկում, մարդիկ չեն գալիս: Եթե գալիս են, մեկ-երկու օր մնում, գնում են: Մենք այսօր ունենք մեծաքանակ պայմանագրային զինծառայողների կարիք: 300 կմ սահման ունեք թշնամու հետ եւ սա մեր երկրի ռազմավարական խնդիրն է, իսկ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են, նաեւ կառավարությունը սկսել է նրանց համար հիփոթեքային ծրագիր իրականացնել: Այսինքն, մենք ունենք աշխատատեղեր ու ունենք մեծաքանակ աշխատողների կարիք: Մենք արդեն մի քանի շինարարական կազմակերպությունների հետ ենք խոսել, որտեղ բանվորները տարածքից չեն, արտերկրից են բերել՝ Ուզբեկստանից: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ էնտեղից գալիս են էստեղ: Մարդիկ պիտի մտնեն, սկսեն աշխատել, ոչ մեկը չի կարող իրենց միանգամից օրը 20 հազար դրամով աշխատանք առաջարկել, եթե չի տեսել, թե այդ մարդն ինչ արդյունք կարող է տալ: Ես մեր գործարարներից մեկի հետ էի խոսում, ասում էր՝ անցած տարվանից մինչեւ հիմա իր աշխատողների աշխատավարձը կրկնակիի ավելի բարձրացրել է: Վերամշակման ձեռնարկություն է: Մարդ կա՝ օրական 20-25 հազար դրամ վարձատրվում է, այսինքն, աշխատանք շատ կա: Էդ նույն գործարարն ասում է, որ իր ապրանքի 70 տոկոսը բերում է ուրիշ տարածաշրջանից՝ հենց աշխատող չունենալու պատճառով: Դա թեյերի արտադրություն է, իսկ այդ բույսերը մեր սարերում լիքն են: Մեզ պետք են մարդիկ, որոնք կսովորեն աշխատել, կմասնագիտանան ու դրա արդյունքում նոր ձեռնարկություններ կստեղծվեն: Ասել, որ ուղղակի աշխատանք չկա՝ այդպես չի: Մարդիկ կան, որ վերադարձել են գյուղ, իրենց հայրական տները բացել են, անցած օրը խոսում էին, որ գյուղում չեն կարողանում 5-10 հազար դրամով մարդ գտնել, ով կարող է իրենց հողը մշակել, մաքրել, խոտը հնձել: Իրականում մենք ունենք աշխատաշուկայի կազմակերպման խնդիր: Կարծես ունենք ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք զբաղվում են դրանով, բայց հավաստիացնում եմ՝ իրենք ռացիոնալ չեն աշխատում, այլապես այս խնդիրը պետք է չունենայինք: 21-րդ դարն է: Եթե մարդը աշխատող է փնտրում ու չի գտնում, նշանակում է՝ մենք զբաղվածության ծառայությունների բորսա չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ»։ 


Հրապարակվել է։ 06:28 19/08/2019