CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավագանու անդամները կառավարությանը դատի են տվել

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամներ ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել`պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ավագանու այդ 5 անդամների լիազորությունները եւ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի կերպով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից: Ազատամուտի ավագանու արդեն նախկին անդամ, մասնագիտությամբ շինարար Ալիկ Էլարյանն ասաց, որ ավագանու անդամներով դատարան են դիմել, որովհետեւ կառավարության այդ որոշումը օրենքի խախտումով է ընդունվել, բացի այդ, ճիշտ չէ այն տեղեկությունը, որ ավագանու նշված անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելին, իրենք նիստերին մասնակցել են, սակայն նիստերն արձանագրողներն իրենց մասնակցությունը չեն գրանցել: Ա. Էլարյանին ասացինք, որ մարտի 11-ին Ազատամուտում ավագանու ընտրություններ են, վարչական դատարանը մինչ այդ կհասցնի՞ իրենց հայցով որոշում կայացնել: Նա ասաց, որ Հայաստանի դատարաններից դժվար է գլուխ հանել: Ա. Էլարյանը դեռ չի որոշել, թե ինքը մարտի 11-ի ընտրություններում իր թեկնածությունը դնելո՞ւ է, թե`ոչ: Ազատամուտի ավագանու նշված անդամները հայտարարել են, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը ավագանու անդամներին չի տրամադրել համայնքի 2016թ. ծախսերի, 2017թ. բյուջեի մասին տեղեկատվությունը, չի փոխանցել այն անձանց անունները, ովքեր համայնքի բյուջեից աշխատավարձ եւ սոցիալական օգնության գումարներ են ստացել:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 14:00 09/02/2018