CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այգեձորի բնակիչներն ապամոնտաժել են գազի խողովակաշարը, խողովակները՝ գողացել

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչներ Անդրանիկ Ջառահյանին, Էդգար Չատյանին, Նվեր Ճաղարյանին, Խաչիկ Չատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի զգալի չափով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ, էլեկտրական սղոցի գործադրմամբ Այգեձոր համայնքի սկզբնամասով անցնող, չգործող գազատար խողովակաշարից ապամոնտաժել եւ գողացել են 83 մմ տրամաչափի, 133.2 մետր երկարությամբ խողովակաշար, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատճառելով 226 հազար 440 դրամի գույքային վնաս: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ամբաստանյալները միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն, այդ միջնորդությունը բավարարվել է: Հուլիսի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Անդրանիկ Ջառահյանին, Էդգար Չատյանին, Նվեր Ճաղարյանին, Խաչիկ Չատյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածում, Անդրանիկ Ջառահյանին, Նվեր Ճաղարյանին, Խաչիկ Չատյանին դատապարտել 2-ական տարի ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, նրանց պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան, Էդգար Չատյանի պատժին գումարել նախկինում չկրած պատժի չմարած մասը եւ նրան դատապարտել երկուսուկես տարի ժամկետով ազատազրկման եւ 275 հազար դրամի չափով տուգանքի, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, ազատազրկման հետ կապված նրա պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018