Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտում   չեն  հանդարտվում

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի բնակիչները պահանջում են 2008թվականից Ազատամուտը ղեկավարող, ՀՀԿ անդամ  Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչությունում  Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ է  քննվում, դատախազի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:  Ժ. Մարտիրոսյանը ներկայումս Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժվում է: Ժ. Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով  ցույցերին ակտիվորեն մասնակցել են Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այդ դպրոցում բազում օրեր դասադուլներ  են  եղել, երեխաները մասնակցել են նաեւ միջպետական ավտոճանապարհի փակման գործողությանը: Տեղի ունեցած  դասադուլների պատճառով Ազատամուտի դպրոցի աշակերտները ետ են  մնացել  ուսումնական ծրագրից:   Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը  հոկտեմբերի 10-ին այցելել է Ազատամուտի դպրոց:  Ուսումնական  ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ այս  կիսամյակի ավարտը 9 շաբաթ օրերն Ազատամուտի դպրոցի համար կլինեն աշխատանքային եւ  կլրացվեն բաց թողնված դասերը: Հավելենք, որ  այսօր՝ հոկտեմբերի 15-ի առավոտից Ազատամուտի մշակույթի տան դահլիճում բազմաթիվ ազատամուտցիներ պահանջել  են  համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Բալասյանի հրաժարականը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարությունից: Նա սկզբից չի համաձայնվել:  Ազատամուտ է ժամանել  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով հայտարարել է , որ հարցը  պետք է լուծվի միայն օրինական ճանապարհով : Տեղի տալով ազատամուտցիների համառ պահանջներին՝ Գ. Բալասյանը մարզպետին դիմում է գրել  համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից իրեն  ազատելու մասին: Ըստ օրենքի, մարզպետը  մեկամսյա ժամկետում պետք է նշանակի համայնքի  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:  Դա այն դեպքում, եթե  այդ ընթացքում դատախազությունը  չեղյալ չհամարի   Ժ. Մարտիրոսյանի՝ որպես  համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին իր որոշումը: Լուսանկարը՝ asparez.am-ի Ոսկան Սարգսյան  

Հրապարակվել է։ 13:00 15/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia