Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի պտղատու այգիները ոռոգման ջրի կարոտ են

Հուլիսի 23-ին Բագրատաշենի մի խումբ բնակիչներ Տավուշի մարզպետարանում առաջադրել են իրենց շատ հուզող ոռոգման ջրի մատակարարման խնդիրը: Նրանց հետ զրուցել և մտահոգող հարցերը լսել են Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը: Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 72-ամյա բնակիչ, 50 տարվա գյուղատնտես Արմո Գաբրիելյանը մեզ մանրամասներ հայտնեց ոռոգման ջրի սուր հարցի մասին: Նա ասաց, որ Զեյթունի թիվ մեկ  մայր առվում ոռոգման ջրի կորուստները կազմում են 70 տոկոս, մինչդեռ «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Ոսկանյանը նշում է ջրի 50 տոկոս կորուստի մասին: Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երբեք այդ ջրատարի պատերի կեսից ջրի մակարդակը չի բարձրացել: Ներկայումս ոռոգման 2 պոմպը գործարկելու դեպքում ջրի մակարդակը ջրատարի կեսից չի բարձրանում: 2016թ. ԻՖԱԴ կազմակերպության կողմից այդ ջրատարը նորոգվել է, սակայն նորոգվել են ոչ թե ջրատարի հատակը կամ պատերը, որտեղից տեղի է ունենում ջրի հիմնական կորուստը: Ա. Գաբրիելյանն ասաց, որ չգիտես ինչու վերանորոգման ընթացքում բարձրացվել են բետոնե ջրատարի պատերը, երբ դրա կարիքը չկար, ջրի մակարդակը ցածր է: Բագրատաշենցի գյուղատնտեսի վկայությամբ`ոռոգման ոչ մի պոմպ իր նախագծային հզորության չափով չի գործում, այդ պատճառով մատակարարված ջրի քանակը քիչ է: Ոռոգման պոմպերը գարնան նախապատրաստական աշխատանքների ժամանակ չեն նորոգվում, դրանք օրերով շարքից դուրս են գալիս, նորոգման են ենթարկվում ամռան տապին, ոռոգման սեզոնի ընթացքում: Ա. Գաբրիելյանի խոսքերով`ինքը արքայանարջնի (կորոլյոկ), արքայական խուրմայի այգի ունի, ամառվա տապին պարբերաբար չոռոգվելու պատճառով միրգը հյութալի չի ստացվում, այն շուկայական տեսք չի ունենում: Գաբրիելյանը տարակուսում է՝ ինչու են ասում, որ Այրում ՀԷԿ-ի գործելու պատճառով ոռոգման ջրատարում ջուրը չի հերիքում, 2017թ. այդ ՀԷԿ-ը սնուցող ջրատար առուն նորոգվել է: Նրա վկայությամբ` նախկինում «Տավուշ» ՋՕԸ-ի ջրբաշխները բարեխիղճ աշխատում էին, այգիներին ոռոգման ջուր մատակարարում, սակայն Յուրա Որսկանյանի գործադիր տնօրեն նշանակվելուց հետո, աշխատողների հանդեպ նրա բյուրոկրատական վերաբերմունքի պատճառով ջրբաշխները բարեխղճորեն չեն գործում, նրանցից ոմանք աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել: Նախկինում հայտնել ենք, որ Յուրա Որսկանյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Միքայել Մակինյանի հարազատ քեռին է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia