Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

 «Բագրատունի» բալասանը, եկեղեցական թեմի մուրաբաները եւ անձրեւներից վնասվող Գոշավանքի պատերը (ֆոտոշարք)

 «Բագրատունի» բալասանը, եկեղեցական թեմի մուրաբաները եւ անձրեւներից վնասվող Գոշավանքի պատերը (ֆոտոշարք)

Նոյեմբերի 19-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի   Գոշավանք այցի ժսմանակ  «Գոշավանք»  պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն Արծրուն  Հովսեփյանը նախարարին  դիմելով  ասաց՝ խայտառակություն է,որ արդեն  5 տարի վերանորոգման նպատակով եկեղեցու ծածկի սալերը մերկացրել են, անձրեւաջրերը լցվում են ներս, վնասում կրի շաղախով պատերը,մշակութային մեծ նշանակություն ունեցող  կոթողը վնասվում է: Ա. Հովսեփյանն ասաց,որ նորոգման համար պետք չէր   բոլոր ծածկասալերը բացել, այն միայն այն հատվածի սալերը, որոնք այդ  ժամանակ նորոգվում են:

 Հայ առաքելական եկեղեցին, որի հաշվեկշռում է գտնվում Գոշավանքը,  մեծ եկամուտներ  է ստանում  արտասահմանցի եւ հայաստանցի հազարավոր զբոսաշրջիկների Գոշավանք  այցերից: Վանական համալիրի  գավթում վաճառվող մոմերից ամենաէժանը 60 դրամ է, Աստվածաշունչը վաճառվում է 5 հազար , իսկ դրա  շքեղ տարբերակը `25 հազար դրամով: Գոշավանքում բացի  կրոնական գրքերից, խաչերից, մատանիներից , բացիկներից  եւ այլն, վաճառվում են  «Բագրատունի»  բալասանը, թեմում արտադրվող մեղր, (մեկ կիլոգրամը՝ 5000 դրամով) , տարբեր  մուրաբաներ`հոնի, ֆեյխուայի եւ այլն: «Բագրատունի»  բալասանի փոքր սրվակը վաճառվում 2500 դրամով,  գրված է, որ այն  այն առողջարար եւ կազդուրիչ է, պատրաստված է  հայկական ալոճենու պտուղների թորվածքից եւ բուժիչ խոտաբույսերից , այն  հայոց թագավորներին ավյուն եւ առույգություն է տվել:

ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանին հարցրինք`կտոր-կտոր, տարիներ շարունակ փոքր ծավալի ֆինանսավորում կատարելու փոխարեն հնարավո՞ ր չէ  միանգամից մեծ գումար հատկացնել եւ նորոգումն ավարտել, Հայ առաքելական եկեղեցին այդտեղ հոգեւոր պարագաների եւ տարբեր մուրաբաների վաճառքից շահույթներ ստանալով, ինչո՞ ւ Գոշավանքի նորոգման համար ֆինանսական ներդրում չի կատարում: Աբրոյանն ասաց, որ Գոշավանքի նորոգման գործում  ոչ միայն եկեղեցու, այլեւ  ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի ներդրում ողջունելի կլինի, մանավանդ, որ մշակույթը բոլորինն է: Նա հայտնեց, որ պետությունը տարբեր  մշակութային հուշարձանների նորոգման համար գումարներ է հատկացնում, Գոշավանքն ամբողջությամբ միանգամից հնարավոր չէ նորոգել, տեխնոլոգիական առումով  դա հնարավոր չէ, սակայն եկեղեցիների ծածկերը հնարավոր է  կարճ ժամկետում նորոգել: Նա ասաց, որ  Գոշավանքի վերանորոգման աշխատանքների ձգձգումը տեղի է ունեցել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հրապարակվել է։ 16:00 24/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ